211652_close_icon
views-count48792 դիտում article-date 16:43 03-08-2021

Արմեն Վիրաբյանի վրա կրակողը 20 օր առաջ վիճել է նրա հետ․ Hraparak.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի ու Նարեկ Կիրակոսյանի միջեւ մեքենան «ճռռացնելու» թեմայով կրակոցներից հետո, մի ամիս էլ չանցած՝ նոր միջադեպ տեղի ունեցավ, զենքի կիրառմամբ․ Վարդանանց փողոցում կրակել են «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատիրոջ որդու՝ 26-ամյա Արմեն Վիրաբյանի «Range rover sport» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ենթադրյալ կրակողին ձերբակալելու որոշում է կայացվել: Գրում է Hraparak.am-ը։

Նա, ըստ ոստիկանության, «իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել»: «Մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ: Հայտնի է նրա անունը՝ Երեւանի 31-ամյա բնակիչ Սարգիս Գ․: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 8 փամփուշտ, իսկ մեքենայի դռան վրա՝ կրակոցի 5 հետք: Մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով»:

Ի սկզբանե, ՔԿ հաղորդագրության մեջ, որպես դեպքի վայր, նշված է եղել Սախարովի հրապարակը, իրականում դեպքը տեղի է ունեցել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ: Կրակելուց հետո, մեր տվյալներով, Արմեն Վիրաբյանը միառժամանակ վարել է մեքենան եւ հասնելով Արամ Մանուկյանի արձանի մոտ, թողել է այն դեպքի վայրում եւ փախել, հավանաբար, սթրեսի մեջ: «Ինչո՞ւ փախա: Կյանքի հարց էր, իմ անվտանգության համար»,- կարճ բացատրեց Արմեն Վիրաբյանը, բայց իր վրա կրակողի մասին հարցերին պատասխանելուց հրաժարվեց՝ հորդորելով դիմել փաստաբանին: Արմեն Վիրաբյանի փաստաբան Արմեն Մելքոնյանից տեղեկացանք, որ կրակողը քիլեր չի եղել, իր պաշտպանյալը ենթադրյալ կրակողին նախկինում ճանաչել է: Ինչի՞ համար է կրակել․ հարցին փաստաբանը պատասխանեց. «Պատճառն այս պահին անհայտ է»: Մանրամասներ հաղորդել նա եւս չցանկացավ: 

- Ի՞նչ հարաբերություններ են ունեցել նախկինում, թշնամակա՞ն: 

- Ոչ, ունեցել է նորմալ հարաբերություններ, հետո՝ մի քանի ամիս առաջ, ինչ-որ վիճաբանություն է եղել իրենց մեջ: 

- Ի՞նչ թեմայով: 

- Այս պահին չեմ ցանկանում մանրամասնել: 

- Իսկ նախկինում եղած, Արմենի հոր հետ կապված պատմությունների հետ կապ ունի՞: Վիրաբյան եղբայրները նախկինում, որքան գիտեմ, անցել են Շահեն Հովասափյանի սպանության գործով: 

- Ոչ, բոլորովին, ոչ մի կապ, ոչ մի եզր չկա: 

- Իսկ ո՞վ է կրակողը՝ Սարգիս Գ.-ն: 

- Տեղյակ չեմ: 

Հիշեցնենք, որ տուժողի հայրը՝ շինանյութով զբաղվող «Սեմուր ընդ կո» հայտնի ընկերության սեփականատեր Գուրգեն Վիրաբյանը, 2010 թվականին եղբոր՝ Արմեն Վիրաբյանի հետ կալանավորվել էր ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով: Հովասափյանի մեքենան պայթեցրել էին 2006 թվականին: Գուրգեն Վիրաբյանի եղբայրը Շահեն Հովասափյանի տեղակալն էր: Հայտնի գործարարների դեմ ցուցմունք էր տվել Հովասափյանի վարորդը, սակայն կալանավորումից 2 ամիս անց իրավապահներին այցելեց ոմն Հ. Իսրայելյան եւ իր վրա վերցրեց սպանությունը, ինչը, սակայն, չապացուցվեց: Սա, թերեւս, այս ընտանիքի հետ կապված միակ մութ պատմությունն է: 

Օգոստոսի 1-ի գիշերային միջադեպի տուժողը եւս բաժնեմաս ունի «Սեմուր ընդ կո»-ում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանը:  

Նշված քննչական խումբը ստեղծվել էր օգոստոսի 1-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «Վերնիսաժի» տարածքում Range Rover մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու փաստով:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, այն վարելիս էր եղել Երևան քաղաքի Կնետրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է:

Range Rover-ի վրա էլ հայտնմաբերվել են 5 հատ կրակոցի հետքեր և ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սարգիս Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Վիրաբյանը Հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր