211652_close_icon
views-count3027 դիտում article-date 20:25 01-08-2021

Մինչ խորհրդարանն ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը. Նաիրա Զոհրաբյան

«Մինչ խորհրդարանը վերջին շնչում ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, որպեսզի նոր խորհրդարանի «սլենգը» շատ չտարբերվի օրիորդաց վարժարանի բարեկիրթ բառամթերքից, Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն ընդունել են համատեղ հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը եւ մայիսի 12-ից Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցումը։

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողի մահվան համար ադրբեջանական զորքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ՝ այն բանից հետո, երբ վաղ առավոտվանից, ինչպես տեղեկացվում է, հրետակոծվել են հայկական դիրքերը եւ մի քանի գյուղեր, եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Ցավոք, սա ընդամենը վերջինն է միջադեպերի կամ սադրանքների շարքից վերջին ամիսների ընթացքում, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է եւս մեկ հայ զինվոր։

Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի եւ միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։
Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչեւ մայիսի 12-ը եւ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարեւոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։

Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ»-ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ։

Ու մինչ նոր խորհրդարանը երեւի շուտով կկազմի թույլատրելի հայհոյանքների կատալոգը, Բրյուսելում Հայ Դատի գրասենյակը, Արմեն Աշոտյանն ու ես բավականաչափ աշխատանք ենք տարել Եվրոպական պառլամենտի մեր գործընկերների հետ՝ Հայաստանի սահմանին ստեղծված լարված իրավիճակի եւ թուրք-ադրբեջանական իսթեբլիշմենթի զանգեզուրյան ախորժակների հետ կապված»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր