211652_close_icon
views-count2569 դիտում article-date 23:42 27-07-2021

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է մոտ 250 հազար եվրո արժողությամբ ռենտգեն նորագույն սարքով

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նվիրատվությամբ Մարտունու բժշկական կենտրոնը համալրվեց մոտ 250 հազար եվրո արժողությամբ նորագույն եւ բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարքով, որն արդեն տեղադրվել է բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու բժշկական կենտրոնից, հուլիսի 27-ին տեղի է ունեցել Մարտունու ԲԿ ռենտգեն կաբինետի բացման արարողությանը եւ ռենտգեն սարքավորման գործարկումը: 

Արարողությանը  մասնակցել են  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ բժշկական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք հիմնանորոգվել է ռենտգեն կաբինետը, վերապատրաստվել է բուժանձնակազմը։ «Ռենտգեն նորագույն սարքի գործարկմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարում դեպի բուժսպասարկման որակի բարձրացում, առաջընթաց ու զարգացում։ Այն մի կողմից մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշումներ իրականացնելու եւ արդյունավետ բուժում կատարելու, մյուս կողմից էլ՝ մեր քաղաքացիները մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու փոխարեն բուժսպասարկումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ եւ ժամանակ։

Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Գեղարքունիքի մարզպետարանին՝ մեր խնդրանքին դրականորեն արձագանքելու, մեզ մշտապես աջակցություն ցուցաբերելու համար»,- ներկայացրեց ԲԿ տնօրենը։

Մարզպետ Գնել Սանոսյանը հյուրերի հետ ունեցած զրույցում հույս  հայտնեց, որ բժշկական կենտրոնում իրականացվող տեխնիկական ու կադրային վերազինումները, նոր հիվանդանոցի կառուցումը եւ բարեփոխումները տանում են նրան, որ Մարտունու տարածաշրջանի եւ Գեղարքունիքի մարզի բնակչության բուժսպասարկումը որակապես ոչնչով չզիջի այլ առաջատար բուժհաստատությունների մատուցած ծառայություններին։

«Մարտունու բժշկական կենտրոնը իր ստեղծած եկամուտների շնորհիվ կարողանում է հոգալ հիվանդանոցի բազմաթիվ կարիքներ, ձեռք բերել նոր ու ժամանակակից սարքավորումներ, բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը, կատարել անհրաժեշտ այլ ծախսեր: 

Շնորհիվ ձեռք բերված լապարոսկոպիկ սարքավորման, այս բժշկական կենտրոնում իրականացվում են լապարոսկոպիկ տարբեր վիրահատություններ: Հիվանդանոցի համար կարեւոր ձեռքբերում է նաեւ պետպատվերի ծավալների կրկնապատկումը, տեղային ջեռուցման համակարգի, շուրջօրյա տաք եւ սառը ջրի ապահովումը: 

Բժշկական կենտրոնում ավելացել են բուժօգնության ծառայությունների տեսակները, ակտիվացել են էխոկարդիոգրաֆիայի եւ անոթների դուպլեքս-հետազոտությունների ծառայությունները, որոնք իրականացվում են ինչպես պետպատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով: Բժշկական կենտրում վճարովի ծառայությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 2,5 անգամ»,- նշեց Անդրանիկ Հարությունյանը:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր