211652_close_icon
views-count4658 դիտում article-date 13:29 27-07-2021

Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվել է միլիարդատեր Նաժիբ Միքաթին

Մեկ տարի տևած անորոշությունից հետո Լիբանանում հայտարարվել է նոր վարչապետի անունը, գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ նա պետք է փորձի լիակատար տնտեսական կոլապսի պայմաններում փրկել աղքատության շեմին գտնվող երկու միլիոն մարդու:

Պարբերականը գրում է, որ ցուցարարները պահանջում էին վարչապետ ընտրել մեկին, որը կապ չէր ունենա քաղաքական էլիտայի հետ, սակայն Լիբանանի խորհրդարանը փոխարենն ընտրել է միլիարդատեր Նաժիբ Միքաթիին, որը նախկինում երկու անգամ ղեկավարել է երկիրը` այդ հարցում գրանցելով չնչին հաջողություն: 2019-ին պետական դատախազը նրան մեղադրել էր յուրացման համար, սակայն Միքաթին հերքել էր այս մեղադրանքը` այն քաղաքական շարժառիթներով առաջնորդված որակելով:

Նշվում է, որ Լիբանանի ամենահարուստ մարդուն երկրի վարչապետի պաշտոնում նշանակելը շատ լիբանանցիների կողմից ընկալվել է որպես վկայություն առ այն, որ պետությունն անկառավարելի է, չի կարողանում ինքն իրեն փրկել ավերումից ու  դիմադրողականություն է ձեռք բերել քաղաքացիների պահանջների նկատմամբ:

Լիբանանի տնտեսական և ֆինանսական ճգնաժամը սկսվել է 2019-ի վերջին և կայուն սրվել է: Վերջին մի քանի ամիսներին աղքատությունն աճել է, քանի որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից՝ դեղերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի խիստ պակասի պատճառով: Լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի շուրջ 90%-ը դոլարի նկատմամբ՝  հիպերֆլյացիա առաջացնելով:

Այժմ նորանշանակ վարչապետը պետք է ձևավորի այնպիսի կաբինետ, որը կընդունվի երկրի նախագահի կողմից և կշահի դոնոր պետությունների հավանությունը, որոնք խոստացել են առանց հավաստիության երաշխիքների ավելի շատ գումար չտրամադրել Լիբանանին:

Նմանատիպ նյութեր