Տոկիո-2020. Հայ մարզիկների մրցելույթների ժամակացույցը
Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մեր մարզիկներից առաջինը թեժ պայքարի կբռնվի սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա վաղը ՝ հուլիսի 24 –ի լուսաբացին, Երևանի ժամանակով 05:00-ին, որակավորման փուլի ծրագրով կսկսի իր օլիմպիական երթը: Հիշեցնենք, որ Արթուրը հանդես կգա երկու մրցաձևում ՝ նժոյգթափում և հենացատկում:
Հաջորդ օրը, կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առաջինը ռինգ կելնի անվանի Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Գյումրեցու առաջին մրցակիցն է Ռյան Ալստոնը՝ Անտիգուա և Բարբուդա երկրից: Նույն՝ հուլիսի 25 –ին որակավորման փուլում իր ունակությունները կդրսևորի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը / ատրճանակ, 10 մետր հեռավորությունից /:
Հուլիսի 26 –ին ելույթ կունենա ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նրա առաջին մրցակիցն է ղազախ Ժանսայ Սմագուլովը: Այդ օրր հանդես կգա նաև բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը / 52կգ /: Կորյունը կմենամարտի բրիտանացի Յաֆալ Գալալի հետ: Նրա թիմակից Արման Դարչինյանը / 75 կգ/ պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից:
Հուլիսի 27-ին ծանրահարթակ կելնի Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /, իսկ լողուղյակում՝ Արթուր Բարսեղյանը / ազատ լողաոճ,100 մետր /:
Հուլիսի 28-ին նշած լողաոճում իր հնարավորությունները կդրսևորի Վարսենիկ Մանուչարյանը:
Հուլիսի 30-ին իր երկրորդ մեկնարկը կունենա Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ):
Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը / 60 կգ /:
Օգոստոսի 2-ին կգոտեմարտեն Կարապետ Չալյանը / 77 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: Նրանց թիմակից Կարեն Ասլանյանը / 67 կգ / կմրցի հաջորդ օրը:
Օգոստոսի 3 –ին պայքարի կբռնվեն նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը / 57 կգ / կմրցի օգոստոսի 4 –ին , իսկ Վազգեն Թևանյանը / 65 կգ / ՝ օգոստոսի 6 –ին: