Օլիմպիական խաղերին մնաց մեկ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղը ՝ հուլիսի 23-ին, Երևանի ժամանակով 15 . 00 –ին Տոկիոյի ազգային մարզադաշտում պետք է տեղի ունենա 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Միջոցառման սցենարը դեռևս հայտնի չէ: Մի բան պարզ է. այն օլիմպիական խաղերի պատմությունում ամենաաանաղմուկ արարողությունը կլինի, կանցկացվի դատարկության և լռության մեջ, քանի որ չեն լինի հանդիսականներ:
Ենթադրվում էր, որ ներկա կլինեն շուրջ 10 հազար պաշտոնյաներ և հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ, բայց ժամեր առաջ հայտնի դարձավ, որ նրանց թիվը նվազել , դարձել է ընդամենը 950 : Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան:
Կրճատվել է նաև շքերթի մասնակիցների թիվը: Նակամուրան, խոսելով այդ մասին ստույգ քանակը չի ասել:
Տարօրինակ մի փաստ ևս. այսօր տեղեկություն ստացվեց , որ սկանդալի պատճառով հրաժարական է տվել խաղերի բացման արարողության ռեժիսոր, 48-ամյա Կենտարո Կոբայաշին:
Դա միակ հրաժարականը չի, որովհետև մինչ այս, նույն պատճառով, ևս չորս աղմկահարույց հրաժարական է եղել, ինչպիսին է, օրինակ, միջոցառման կոմպոզիտոր, 52 –ամյա Կեյգո Օյամադայինը:
Այսքանն ասես քիչ է, խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին ասել է, որ ճապոնական կողմը բանակցություններ է վարում միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ ` խաղերի բացման արարողությունը անցկացնելու կամ չանցկացելու շուրջ:
Այուամենայնիվ,ամեն բանից անկախ, նախապես կազմված ծրագրով, յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր / մեկական կին և տղամարդ /: Դա ՄՕԿ-ի նորամուծությունն է: Այս խաղերն անցկացվում են գենդերային հավասարության նշանաբանով: Այդ նպատակով ծրագրում ավելացել է կանանց մրցաձևերի և խառը մրցումների քանակը:
ՄՕԿ-ն ընդհանրապես ցանկանում է հասնել բացարձակ հավասարության: Դա գործնականում կիրառվելու է: Այսպես. Տոկիոյի համաշխարհային գլխավոր մարզահանդեսում ընդգրկված են պատմության մեջ ամենաշատ կին մարզիկները, նրանք կազմում են մասնակիցների 48, 8 տոկոսը:
Փոփոխություններ են կատարվել երդման արարողությունում: Տեքստը արտասանելու են ոչ թե երեք հոգի (մարզիկ, մրցավար և մարզիչ), այլ վեցը ՝ յուրաքանչյուր անվանակարգում մեկական տղամարդ և կին: Ի դեպ, հենց երդման տեքստում ավելացվել են հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին բառերը:
Արարողության կարգախոսն է ՝ «Միավորված հույզերով» : Կազմակերպիչները ցանկացել են ուղերձ հղել ամբողջ աշխարհին , որ խաղերը կարող են նոր հույս և ոգեշնչում բերել մարդկանց՝ մարզիկների ակտիվ մասնակցությամբ և սպորտի ուժի միջոցով:
Իհարկե, արարողության մանրամասները անհայտ են: Օրինակ հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը:
Շքերթի ընթացքում պատվիրակությունները մուտքը ստադիոն կլինի ճապոնական այբուբենով:
Հունաստանի մարզիկներից անմիջապես հետո, որն ավանդաբար առաջինն է լինում որպես խաղերի նախահայր, կանցնի փախստականների հավաքականը:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին:
Միջոցառման սցենարը, ամենայն հավանականությամբ, կհիշատակի կորոնավիրուսի համաճարակի մասին:
Ձգձգված խաղերի մեկնարկին անհամբերությամբ է սպասում համաշխարհային մարզասերը, որը, անտարակույս նպատակադրված է ուշադրությամբ հետևել մրցումների ընթացքին: