211652_close_icon
views-count1459 դիտում article-date 11:25 21-07-2021

Շուրջ 643 հազար․ 2021 թվականի հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել․ ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները: 

Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով: 

Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին` 15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 40 %-ով:

2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 177 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար: Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021թ. հունիս ամսին (643 հազար)` գերազանցելով նաև 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշը:

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը: 

Նմանատիպ նյութեր