211652_close_icon
views-count4322 դիտում article-date 20:12 20-07-2021

Խաչատուր Սուքիասյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։

Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, հետո էլ մասնակիցներից մեկը կրակել  է մյուսի վրա։

Հիվանդանոց էր տեղափոխվել ԱՄՆ 42-ամյա քաղաքացի. նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում։ Մի քաղաքացի էլ հիվանդանոց էր տեղափոխվել՝ դանակից ստացված վնասվածքներով։

Այդ միջադեպի մասնակիցներից մեկը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական  2-րդ բաժնի պետ Արամ Այվազյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Աբովյանը:

Քննչական խումբը ստեղծվել էր հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝  Ամիրյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության մոտ հնչած կրակոցների փատով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք; Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել էին  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր: Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում,  «Նաիրի»  բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել էին օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները  պարզել էին, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է  35-ամյա Նարեկ Կարապետյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին,  հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար, «Գռզո»  մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր