211652_close_icon
views-count86474 դիտում article-date 10:54 19-07-2021

Նոր մանրամասներ Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ հնչած կրակոցներից. կրակողը հայտնի գործարար, «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական  2-րդ բաժնի պետ Արամ Այվազյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Աբովյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը ստեղծվել է երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝  Ամիրյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության մոտ հնչած կրակոցների փատով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք;

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում,  «Նաիրի»  բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները  պարզել են, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է  35-ամյա Նարեկ Կարապետյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին,  հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար, «Գռզո»  մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:  

Ժամանել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և կրակված պարկուճներ:

Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Գնդակը ոստիկանների և քննիչների դաշտում է: Դե , տեսնենք, ինչքան ժամանակում կհայտնաբերեն քաղաքի կենտրոնում իրեն անպատժելի համարող այդ ճիվաղին, ով կրակոցներ է արձակել և երևի ոստիկաններն ու քննիչներն արդեն գիտեն, որ կրակողը Հայաստանում հայտնի մականունավոր գործարարներից մեկի եղբայրն է, իսկ էլեկտրոնային միջոցներով էլ սխալ ավտոմեքենայի նկար են տեղադրել ու տարածում են, թե իբրև 01 LN 015 համարանիշի այդ ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել, սակայն այդ ավտոմեքենան ընդհանրապես կապ չունի միջադեպի հետ»: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր