211652_close_icon
views-count2317 դիտում article-date 21:05 18-07-2021

ՀՔԾ մամուլի քարտուղարն անդրադարձել է Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությանը։

Օհանջանյանը գրել է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ»:

Կարևորելով հանրության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ Օհանջանյանն անհրաժեշտ է համարել հայտնել, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 10-ին քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել Խ. Մեջլումյանը, ով նույն օրը քրեական գործն ընդունել է վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը հավելել է, որ  Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվա դրությամբ Խ. Մեջլումյանի՝ քննչական խմբի ղեկավար հանդիսանալու հանգամանքի մասին են վկայում քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ քննչական խումբ կազմելու մասին որոշումը մեղադրյալին և պաշտպաններին ծանոթացնելու մասին 2021 թվականի հուլիսի 15-ին կազմված արձանագրությունը, որի վրա առկա են վերջիններիս ստորագրությունները: «Ուստի անհերքելի է, որ Ա. Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք»,- ասվում է Մարինա Օհանջանյանի պարզաբանման մեջ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր