«Հայոց Հայրենիք»-ը ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում կուսակցության էջը։
Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին որոշել է ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասել է Դիլանյանը:
Նա հայտնել է, որ որոշման ամբողջական տեքստը օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ-ի կայքէջում և կառաքվի կողմերին։
Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում էին նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: