211652_close_icon
views-count4578 դիտում article-date 13:59 17-07-2021

Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ-ին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-ՌԴ երկաթուղու գործարկման համար. Փաշինյան

Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Այս մասին այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Հարկ է նշել, որ ուժի կիրառումը եւ զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում կարեւոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որտեղ նրանք կողմերին կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վր ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Ես արդեն մի քանի անգամ ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը  մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում:

Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց ես նույնպես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում որպես առաջնային գերակայություն կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպրոտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում:Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»:

Նմանատիպ նյութեր