211652_close_icon
views-count1585 դիտում article-date 12:03 16-07-2021

Բերման ենթարկողները պետք է պատճառաբանեն ու հիմքեր ներկայացնեն, թե ինչու են ուժ կիրառել կամ չեն կիրառել. Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը երեկ անդրադարձել էր ԱԱԾ «Ալֆա» ջոկատի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների ձերբակալությանը։ Բերման էին ենթարկվել այդ նույն «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած ԱԱԾ փոխգնդապետ, «Չիկո» ծածկանունով Արամ Գասպարյանը եւ անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ, «Շուկ» ծածկանունով հայտնի Տիգրան Ներսիսյանը։ Միությունն «ուշի-ուշով հետեւելու է զարգացումներին, քանզի չեն կարող անհաղորդ մնալ կյանքի լավագույն տարիները երկրին նվիրած գործընկերների ճակատագրի նկատմամբ», եւ հնարավոր ամեն ինչ անելու են գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար։

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են դա անելու, պայքարի ի՞նչ գործիքակազմ ունեն։
 
«Բարձրաձայնելու ենք էն խնդիրները, որը կտեսնենք»,- ասաց նա։

- Իսկ ինչ-որ բան կփոխի՞ դա մեր կյանքում, խնդիրների լուծման հարցում։

- Դե, մեր գործիքակազմը հիմա, որ ասեմ՝ ուրիշ գործիքներ ունենք, կարծում եմ՝ անլուրջ կլինի։

- Գուցե պայքարի այլ տարբերակնե՞ր մտածեք։

- Քաղաքական գործիչներին թողած՝ ինձ եք էդ հարցն ուղղում, որքանո՞վ է դա ճիշտ։

- Որովհետեւ դուք եք այդ հայտարարությունը տարածել, քաղաքական գործիչներն էլ իրենց դիրքերից են ինչ-որ բաներ անում։

- Արդեն ասացի դրա հետ կապված, իսկ թե ուրիշ ով ինչ կանի, ոնց կանի, կարծում եմ՝ ավելի շատ քաղաքական գործիչները պետք է արձագանքեն։ Մենք մեր հնարավորություններով կամ հենց իրենցից, եթե տվյալներ կստանանք ու կհասկանանք, որ էս ամեն ինչը քաղաքական ուղղվածություն ունի, անպայման բարձրաձայնելու ենք, խոսելու ենք։

- Դեռ որոշակի կասկածնե՞ր կան, որ քաղաքական ուղղվածություն ունի։

- Ես ընդամենը մի նախադասություն եմ ուզում ասել՝ քրեական գործի նյութերին կամ էդ մարդկանց ձերբակալելու հիմքերին ծանոթ չլինելով՝ ես չգիտեմ նույնիսկ, թե ինչի մեջ են էդ մարդիկ հիմա մեղադրվելու։ Գոյություն ունի նախաքննական գաղտնիք, դա չեմ ուզում դառնա, այսպես ասած, պատ կամ պատնեշ, բայց, ամեն դեպքում, երբ որ մեզ հասանելի կդառնա էդ ինֆորմացիան, ու կհասկանանք՝ տակը հիմք կա, թե չկա, նոր դրանից հետո կկարողանանք ազատ գնահատականներ տալ։

- Դուք նշել էիք, որ այդ մարդիկ կանգնած են եղել «Ալֆա» ջոկատի կազմավորման ակունքներում, նաեւ մարտական լուրջ ուղի են անցել․․․

- Մեր խնդիրը գիտե՞ք որն է եղել․ մենք ուզել ենք հանրությանը ներկայացնենք էդ մարդկանց անձը, որ ոչ թե իրենք ինչ-որ մականունով մարդիկ են, ինչպես մամուլում շահարկել էին՝ Ալֆայի Չիկո կամ չգիտեմ ինչ, այլ էդ մարդիկ մարտական ստորաբաժանման մարտիկներ են եղել։ Մեր նպատակն այն էր, որ մարդիկ հասկանային, որ էդ երկու տղաները լուրջ անցյալ ունեցող անձինք են, հատուկ ծառայության մարտական ստորաբաժանման մարտիկներ։

- ԱԱԾ-ն, փաստորեն, չի խնայում նաեւ իր զավակներին։

- Դե, ի՞նչ է նշանակում՝ չի խնայում։ Ստացվում է էնպես, որ կոկորդիլոսն իր ձագերին է ուտում, բայց էդպես չէ։

- Այո, ԱԱԾ-ն իր կադրերին, իր զավակներին է բերման ենթարկում, գուցե փորձի նաեւ պառկեցնել ասֆալտին։

- Էդպես չէ, էստեղ կարեւոր է, թե ինչ տվյալներ կան իրենց հետ կապված։ Եթե տվյալներ չկան, հիմքեր չկան, մարդիկ անհիմն են բերման ենթարկվում ու հետապնդվում, դա լրիվ այլ խնդիր է։ Իսկ եթե ինչ-որ փաստեր կան, հիմնավոր կասկած կա՝ էդ շեմը հաղթահարված է, դա արդեն ուրիշ թեմա է։

- Ես հասկանում եմ, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց զուտ բարոյական առումով ԱԱԾ-ում կա՞ր կոդեքս, վերաբերմունք, որ եթե համակարգի աշխատակից է, նրան մի փոքր այլ կերպ վերաբերվեն։

- Ես քո հարցին ուղիղ պատասխանեմ, որ պատկերացնես․ ես ԱԱԾ քննիչ աշխատելու ժամանակ առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես է մի քննիչը ձերբակալում մի ուրիշ քննիչի, երբ նրա վերաբերյալ կոնկրետ հանցագործության հետ կապված տվյալներ են եղել։ Այսինքն՝ այն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրար հանդեպ սոլիդար պետք է լինեն, ու ոչ ոք ոչ մեկի նկատմամբ գործողություն պիտի չանի, էդպես չէ։ Գոյություն ունի ներքին անվտանգություն, գոյություն ունի ինսպեկցիա՝ ԱԱԾ կազմում, որոնք զբաղվում են հենց ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված հանցագործության դեպքերով։ Եվ եթե էդպիսի տվյալներ են ստացվում, ոչ ոք դա չի կոծկի։ Եվ ես գտնում եմ, որ սխալ է, եթե հանկարծ էդպիսի մոտեցում լինի։

- Մի փոքր տարբերություն, սակայն, մենք նկատեցինք, որ ԱԱԾ 2 նախկին աշխատակիցներին բերման ենթարկելիս բռնության չեն դիմել, մինչդեռ Գորիսի ու Մեղրիի քաղաքապետերին հատուկ գետնին պառկեցրել ու նկարահանել են։ Կարո՞ղ է սա ԱԱԾ աշխատակիցների սոլիդարության մասին է հենց խոսում։

- Ամեն մի ուժի կիրառման փաստն ունի իր հիմնավորումներն ու պատճառները։ Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչ հանգամանքներում են մյուսներին բերել, ես չեմ կարող ասել՝ ինչ իրավիճակ է ստեղծվել, որ մյուսների նկատմամբ ուժ են կիրառել, իսկ մեր տղաների նկատմամբ՝ ոչ։ Ես միայն կարող եմ ողջունել, որ տղերքի նկատմամբ ուժ չի գործադրվել։ Դա էլ, նորից կրկնում եմ՝ բերման ենթարկողները պետք է պատճառաբանեն ու հիմքեր ներկայացնեն, թե ինչու են կիրառել կամ չեն կիրառել։ 

- Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչու՝ համայնքապետերը հայհոյել էին Փաշինյանին, իսկ ձեր տղաները չէին հայհոյել, դրա համար իրենց չեն պառկեցրել ասֆալտին։

- Չեմ կարող բացառել, ոչ էլ հաստատել, ամեն իրավիճակ պետք է իր փաստացի հանգամանքներով նայես ու գնահատես։

Նմանատիպ նյութեր