211652_close_icon
views-count1298 դիտում article-date 13:30 05-07-2021

Սահմանադրությունը ոգի է, իրավական փիլիսոփայություն, որն այս պահին ամբողջովին ոտնահարված է. Դավիթ Հարությունյան

ՀՀ Սահմանադրությունը մշտապես նպաստել է մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրության փոփոխությունները պայմանավորված են եղել ավելի մոբիլ, արագ արձագանքող պետություն կերտելուն։

«Սահմանադրությունը միշտ ավելի առաջանցիկ հասարակական հարաբերություններին է միտված եղել և մշտապես խթանիչներ է ունեցել։ Այս ընթացքում կատարված բոլոր փոփոխությունները թելադրված էին երկրի զարգացման տեսլականով»,-նշեց Դավիթ Հարությունյանը։

Վերջինս նկատեց՝ Սահմանադրությունը ոգի է, շունչ և իրավական փիլիսոփայություն, որը նրա գնահատմամբ այս պահին ամբողջովին ոտնահարված է։ Դավիթ Հարությունյանի կարծիքով պետության թույլ հիմքեր ունենալու հարցում Սահմանադրությունը մեղավոր չէ։

«Սահմանադրության ոտնահարված լինելը պայմանավորված է նրանով, որ մենք հասուն հասարակություն չենք, որը գիտակցում է այդ ամենի կարևորությունն ու արժեքը։ Սկզբունքորեն միշտ պետք է լինի որոշակի էլիտա, որը հասկանում է այդ ամենի արժեքը և փորձում այն տարածել»,-ասաց նախկին նախարարը։

Հարցին՝ արդյոք Սահմանադրությունում այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն կա՞, Դավիթ Հարությունյանը նկատեց՝ միշտ էլ կարելի է որևէ բան բարելավել, բայց դա չի նշանակում, որ Սահմանադրությունը պետք է տարին մեկ փոխել։ Այնուամենայնիվ կան կետեր, որոնք փոփոխման ենթակա են։

«Կառավարման համակարգի տեսանկյունից չեմ կարծում, որ արդիական է փոփոխություն կատարելը։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ կարելի է բարելավելու առաջարկություններ ներկայացնել՝ սկսած նախարարների համար քաղաքացիության պահանջից վերջացրած նախագահի լիազորությունների ընդլայնումով։ Սակայն այդ բոլոր հարցերն այն հարցերը չեն, որոնց պատճառով պետք է Սահմանադրությունն անընդհատ փոխվի»,-նշեց Դավիթ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր