211652_close_icon
views-count1651 դիտում article-date 21:42 01-07-2021

Հնչեց Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը՝ կյանք մտնող, պայքարով լեցուն մի հերոսի պատմություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկայացրին Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Կոմպոզիտորը տեղեկացնում է, որ կոնցերտը գրել է 2017 թվականին՝ նվիրելով այն Նարեկ Հախնազարյանին։ Էդուարդ Հայրապետյանը նկատում է, որ ստեղծագործությունը գրել է՝ ոգեշնչված թավջութակահարի կատարողական վարպետությամբ։

Առաջին անգամ այն ունկնդրել է Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, որտեղ էլ 2018 թվականին կայացել էր կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Նա ուրախությամբ է նշում, որ այսօր իր ստեղծագործությունն ունկնդրելու հնարավորություն ունեն նաև հայ երաժշտասերները։

Ներկայացնելով կոնցերտը՝ կոմպոզիտորն ասում է, որ իր ստեղծագործության մեջ պատկերել է կյանք մտնող մի հերոսի, որն անցնում է տարբեր փուլերով. «Հերոսը դուրս է գալիս պայքարի և մարտնչում իր ամբողջ ուժով։ Այդ պայքարը երկարատև է։

Գալիս է մի պահ, երբ հերոսը ցանկանում է միաձուլվել նվագախմբի, պատկերավոր ասած՝ հասարակության հետ։ Սակայն պայքարի արդյունքում նա ի վերջո իր երգն է երգում՝ դրսևորելով իր անհատականությունը»։

Ահա այս մտորումներն է հեղինակն արտացոլել կոնցերտում, որը մեծ վարպետությամբ ներկայացրեց Նարեկ Հախնազարյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս նշում է, որ ուրախ է այս հրավերը ստանալու համար՝ ղեկավարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը, նրա բնորոշմամբ, հրաշալի նվագախումբ է։

Համերգային ծրագրում հնչեցին նաև հատվածներ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր