211652_close_icon
views-count72963 դիտում article-date 09:39 01-07-2021

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 20 տոննա ծիրանով բարձված բեռնատարը «Սատանի կամրջի» մոտ կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ, DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միլենա Եղշատյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ծիրանով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր