211652_close_icon
views-count2389 դիտում article-date 10:44 30-06-2021

Հետո էլ ասում են՝ անցյալին վերադարձ չկա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չնայած մեր Սահմանադրության մեջ գրված է՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ հրապարակներում ու բարձր ամբիոններում այդ դրույթը բազմիցս կրկնվում է, բայց դրանից բխող արժեքները, այսպես ասած, չեն մտել մեր արյան մեջ, հիմք չեն դարձել մեր քաղաքական, ինչպես նաեւ քաղաքացիական մշակույթի համար: Օրինակ, մեր քաղաքացիների մեծամասնությունը կարծում է,  որ «թագավորը» կարող է հանել եւ նշանակել թե՛ դատավորներին, եւ թե՛ գյուղապետերին ու քաղաքապետերին: «Թագավորն» ու նրա վեզիրները Սահմանադրությունն, իհարկե, կարդացել են, բայց շատ լավ տեղյակ են այս մեծամասնության իրավական պատկերացումների մասին եւ օգտվում են այդ հանգամանքից ու փորձում են կիրառել «թագավորական» մոդելը՝ իբր «ժողովուրդն» իրենց մանդատ է տվել:

Իրականում ոչ թե ժողովուրդը, այլ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը (54 տոկոսը) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մանդատ է տվել կառավարություն ձեւավորելու՝ ոչ ավելին: Այդ քաղաքացիները (որոնք, ի դեպ, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 26 տոկոսն են) արդարադատության ոչ մի «թուր» կամ «սուր» Փաշինյանին չեն տվել: Արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որը ժողովրդավարական երկրներում պետք է լինի ինքնուրույն, ավտոնոմ եւ գործադիր իշխանության հետ չպիտի որեւէ կապ ունենա: Դատական համակարգ (այդ թվում ԲԴԽ) խցկել ՔՊ-ամետ, գրպանային դատավորներին՝ նման մանդատ ոչ ոք ոչ մեկին չի տվել: Կհարցնեք՝ բա 27 տարի ինչպե՞ս էր: Պատասխանում եմ՝ 27 տարի հենց այնպես էր, ինչպես հիմա նորից ուզում են անել՝ հավանաբար, փոշմանելով, որ դատարաններին օրենքի ուժով հարաբերական անկախություն է տրված:

Մարզպետը շրջկոմի քարտուղար չէ, իսկ գյուղապետը կոլխոզի նախագահ չէ (որոնք զուտ ձեւականորեն էին ընտրվում), եւ նրանց մեջ ուղղահայաց հարաբերություններ չպիտի հաստատվեն: Դիմել գյուղապետերին պահանջով՝ «թողեք-գնացեք, որովհետեւ դուք  ընտրություններում այլ քաղաքական ուժի եք սատարել» ապօրինություն է, կամայականություն: Մեր քաղաքական համակարգը բազմակուսակցական է, եւ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ գյուղապետ, իրավունք ունի սատարել այն ուժին, որին համակրում է: Ճիշտ նույն ձեւով կամայականություն է դիմել Երեւանի քաղաքապետին եւ ասել՝ «թող գնա, որովհետեւ դու ընտրությունների ժամանակ մեզ համար չէիր աշխատում»: Որեւէ մեկի համար աշխատելը քաղաքապետի մանդատի մեջ չի մտնում: Եվ հակառակը՝ նրա պարտականությունների մեջ է մտնում, մասնավորապես, ապօրինի կառույցների ապամոնտաժումը: Այստեղ է, ինձ թվում է, Երեւանի քաղաքապետ-ՔՊ կոնֆլիկտի պատճառներից մեկը: Քանի որ ՔՊ-ն մի կողմից «պաշտոնապես» մերձեցել է գործարարների հետ՝ դարձնելով նրանց պատգամավոր, իսկ մյուս կողմից՝ ընտրվելու համար պարտական է նաեւ տեղական «տասովշիկներին», քաղաքապետի ձեւակերպմամբ՝ «բանդաներին» (որոնց մեջ կան մանր սեփականատերեր), ապօրինի շինությունների խնդիրը ձեռք է բերել քաղաքական նշանակություն: Ճիշտ այնպես, ինչպես որ դա եղել է 27 տարի շարունակ:

Հետո էլ ասում են՝ անցյալին վերադարձ չկա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր