211652_close_icon
views-count1973 դիտում article-date 16:43 25-06-2021

Արթուր Բազեյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ

Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում  արդեն մեկնարկել էր / հունիսի 17 –ին / բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը , իսկ մասնագետները Երևանում ծանրութեթև էին  անում մեր թիմի հնարավորությունները:

Լուրջ հաջողությունների հույս չունեին, քանզի ընդգծված առաջատար, ինչպես ասում են բնածին տաղանդ, չկար մեկնողների կազմում: Թերևս միայն մեզ հյուրընկալված ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մեդալ էր ակնկալում մի քանիսից, նրանց թվում ՝  երևանցի Արթուր Բազեյանից / 56 կգ / և ախուրյանցի Համբարձում Հակոբյանից / 81 կգ /:

Նշած երկու տղաներն էլ մտան եզրափակիչ ու մենք հեռաձայնելով շնորհավորեցինք վաստակաշատ մասնագետին, ընդգծելով նրա մասնագիտական հարուստ փորձը:  Պատասխանեց ,որ այդ գործում պակաս դեր չի խաղում մարտավկաներից, տվյալ պարագայում՝  թիմը մրցավայր ուղեկցած վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի դերը:

Հաջորդ օր միասին հետևեցինք մեր տղաների վճռական մենամարտերի ընթացքին: Մինչ մեկնարկը Մեհրաբյանը խոսեց տղաների ունակություններից: Առավելապես գնահատեց Բազեյանի մարտաոճը:

Ակամա հիշեցինք օլիմպիական խաղերի մեր միակ չեմպիոն, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնությունների բազմակի ոսկե դափնեկիր Վլադիմիր Ենգիբարյանին: Քանակի առումով նրա չափ հաղթանակներ տոնած վարպետներ եղել են , բայց համաշխարհային բռնցքամարտի հեղափոխականի պատիվը շնորհել են մեր մեծագույն չեմպիոնին: Նա է ասել,  որ ճիշտ չէ ռինգում մրցակիցները առողջությունը վնասող տասնյակ կոշտ հարվածներ փոխանակեն:

Իրական բռնցքամարտը արվեստ է և փիլիսոփայություն: Մարզասերը տպավորվում է տեխնիկատակտիկական հնարքների բազմազանությամբ առանձնացող կատարումներով: Նման ոճին է նախապատվություն տալիս Բազեյանը: Նա եզրափակիչում մրցեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնի հետ: Առաջին ռաունդում ցուցադրեց խաղային մարտ, իսկ երկրորդում ՝ հավելեց նաև ցնցող հարվածները: Դրանց շնորհիվ երկու անգամ նոկդաունում հայտնվեց մրցակիցը և երկրորդ ռաունդի միջնամասում մեր պատվիրակը տոնեց բացահայտ առավելությամբ հաղթանակ:

Կեցցե Արթուր Բազեյանը: Անձնական մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի սանը տուն կվերադառնա եվրոպական ստուգատեսի ոսկե մեդալով և առաջնության լավագույն մարզիկի համար սահմանված հատուկ մրցանակով:

Սպասելիքները լիովին արդարացրեց նաև Համբարձում Հակոբյանը: Ռուսաստանցի Նիկիտա Վորոնյովի հետ մենամարտի ավարտից հետո ռինգի մրցավարը, ի նշան հաղթանակի, կարող էր բարձրացնել ախուրյանցու ձեռքը, մանավանդ ,որ առաջին և երրրոդ ռաունդներում տպավորիչ էին հայ մարզիկի գործողությունները:

- Ոչինչ, որ հաղթանակը շնորհվեց մրցակցին: Համբարձումի նվաճած արծաթե մեդալն էլ ազնիվ մետաղից է ձուլված և այդ առթիվ նրան նույնպես շնորհավորում ենք - ասաց Ռ.Մեհրաբյանը: - Նախ ,որ նա երկամյա զինծառայության ընթացքում գրեթե չի մարզվել, իսկ զորացրումից նույնիսկ մեկ տարի էլ չի անցել: Նա ունի կամային բարձր որակներ, մարտունակություն և աշխատասիրություն: Շնորհալի մասնագետ Արտավազդ Գևորգյանի սանը աստիճանաբար կհարստացնի իր տեխնիկական հնարքների զինանոցը, մրցափորձը  և ցանկալիին կհասնի: Նրանք երկուսն էլ մեր գլխավոր թիմի հավակնորդներից են և նպատակային աշխատանքի պարագայում կարդարացնեն մասնագետների և մարզասերների սպասելիքները:

Նմանատիպ նյութեր