211652_close_icon
views-count86060 դիտում article-date 19:09 21-06-2021

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափին. կա 1 զոհ, 7 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի  մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, որտեղից ժամանաել են Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Ճամբարակի Ռազմական ոստիկանության  պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչութան թիվ 5 կայազորային քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնություհը:

Վիրավորներին  առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մի քանի վիրավորների էլ  հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր