211652_close_icon
views-count2104 դիտում article-date 10:59 15-08-2026

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում. «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Արփա գետի ափին. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները` օգտագործելով հատուկ տեխնիկա. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ հատվածում՝ «Լճակ» ռեստորանային համալիրի մոտ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սրապիոն Պ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Արփա գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Սահակյանը և Արման Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր