211652_close_icon
views-count1430 դիտում article-date 13:10 17-06-2021

Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին քաղաքացիական և վարչական պալատներ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա առաջարկվում է ստեղծել երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կառավարության հունիսի 17-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նա  ասաց, որ կարգավորումները հանգում են Վճռաբեկ պալատում վարչական պալատի առանձնացմանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման նախաձեռնությունը բխում է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. կառավարության ծրագրից: Փոխնախարարի խոսքով՝ այլ երկրների ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դատական համակարգերում գործում են Վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:

«Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ՝ առանձին քաղաքացիական, առանձին վարչական: Նախագծով կարգավորում են նաև Վճռաբեկ Դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը: Նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման»,-ասաց Գրիգորյանը:

Նախագծով նախատեսվում է, որ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, իսկ վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:

Նմանատիպ նյութեր