211652_close_icon
views-count1588 դիտում article-date 23:30 14-06-2021

Իսրայելում նոր կառավարություն է. դադարեցվեց Նեթանյահուի երկրարատև պաշտոնավարումը

Բենիամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումը Իսրայելի վարչապետի պաշտոնում ավարտվեց կիրակի օրը՝ հունիսի 13-ին, երբ խորհրդարանը հաստատեց ազգայնական Նաֆթալի Բենեթի գլխավորած նոր «փոփոխությունների կառավարությունը»

Անցնելով ընդդիմության շարքերը՝ 71-ամյա Նեթանյահուն խոստացավ շուտով կրկին վերադառնալ իշխանության, գրում է Ամերիկայի Ձայնը:

Խորհրդարանի նիստում Նեթանյահուի աջ և ծայրահեղ ուղղափառ կողմնակիցները «ամոթ» և «ստախոս» էին բացականչում Բենեթի հասցեին: Չնայած դրան՝ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե տվեց նոր վարչակազմին: Նոր վարչապետի երդմնակալաությունը նախատեսված էր քվերակությունից հետո:

49-ամյա Բենեթը պաշտպանության նախկին նախարարն է: Նա նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր-միլիոնատեր է:

Նրա դաշինքը Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ներառում է մի կուսակցություն, որը ներկայացնում է 21% արաբական փոքրամասնությունը:

Կոալիցիոն գործընկերների միջև ընդհանրությունները շատ չեն, բացառությամբ Նեթանյահուի կառավարումը վերջ տալու և երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու ցանկության: Վերլուծաբանները կարծում են, որ ձախակողմյան, կենտրոնամետ, աջակողմյան և արաբամետ քաղաքական ուժերի այս կոալիցիան, հավանաբար, կլինի բավականին փխրուն:

Իսրայելի նախկին ղեկավար Նեթանյահուի երկարակյաց վարչապետությունը սկսվել էր 2009 թվականից, իսկ առաջին անգամ նա պաշտոնավարել էր 1996 -1999 թվականներին: Նրա դիրքերը թուլացան 2019 թվականի ընտրություններից հետո, երբ չկարողացավ ամրապնդել իր հաջողությունը, իսկ դատարանում հայտնվեց նրա հետ կապված կոռուպցիոն սկանդալային գործ: Նա հերքում է բոլոր մեղադրանքները:

Նոր կառավարությունը, որը ձևավորվել է մարտի 23-ի ընտրություններից հետո, փորձելու է հիմնականում խուսափել միջազգային խնդրահարույց հարցերից, ինչպիսիք են օրինակ պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը, և կենտրոնանալ ներքին բարեփոխումների վրա:

Պաղեստինցիները մեծ ոգևորությամբ չընդունեցին վարչակազմի փոփոխությունը ՝ կանխատեսելով, որ Բենեթը Նեթանյահուի օրինակով կվարի նույն աջակողմյան քաղաքականությունը:

Ըստ կոալիցիոն համաձայնության, 2023 թվականին Բենեթին վարչապետի պաշտոնում կփոխարինի 57-ամյա կենտրոնամետ Յայիր Լափիդը:

Նմանատիպ նյութեր