211652_close_icon
views-count2698 դիտում article-date 18:50 14-06-2021

Բացի հինգ առաջատարներից՝ մյուս ուժերը մնացյալ հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին. քաղաքագետ

Բացի հինգ առաջատարներից՝ մյուս ուժերը մնացյալ հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Սարգսյանը։

«Վերջին շրջանում հրապարակվում են տարբեր սոցիոլոգիական հարցումներ, որոնք անկախ տոկոսային տարբեր հարաբերակցություններից՝ ցույց են տալիս, որ խորհրդարան անցնելու շանս ունի հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայաստան» դաշինքը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը։

Իհարկե, չկողմնորոշված քաղաքացիների թիվը դեռևս մեծ է, և դժվար է ասել, թե որ ուժը ինչպիսի հարաբերակցությամբ ներկայացված կլինի, սակայն ակնհայտ է, որ մյուս ուժերը մնացյալ հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին։

Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն և «Հայաստան» դաշինքը հասցրել են կողմնորոշել իրենց ընտրողներին, իսկ «Պատիվ ունեմ»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում են մոբիլիզացնել շտաբային ռեսուրսները։ Իրավիճակը այլ է «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում. վերջիններս ներկայանում են այլընտրանքի դիրքերից, իսկ այլընտրանքային քվեների համար պայքարում են մեծ թվով ուժեր։

Այդուհանդերձ, այլընտրանքի դիրքերից հանդես եկող ուժերը հիմնականում նոր են գրանցված և մնացած հինգ օրերի ընթացքում չեն կարող իրենց ուղերձը հասցնել հասարակությանը։ Ինչպես հայտնի է, գործող ընտրական օրենսգրքով փոշիացած ձայների մեծ մասը գումարվում են խորհրդարան անցած առաջին և երկրորդ ուժերին, ուստի այլընտրանքային քվեների փոշիացման վտանգը մեծ է, և քաղաքացիները պետք է զգուշավորությամբ բաշխեն իրենց քվեները և տան այն ուժին, որը իրական շանսեր ունի ընտրական շեմը հաղթահարելու։

Սա նշանակում է, որ նախկին և ներկա իշխանություններից զատ խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն ունի միայն «Լուսավոր Հայաստանը», ինչը, սակայն, պահանջում է այլընտրանք փնտրող քաղաքացիների կոնսոլիդացիան այս ուղղությամբ»,– ասաց քաղաքագետը։

Նմանատիպ նյութեր