Եվրո-2020․ Ռուսաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Բաքվից մերժում ստացած Առուստամյանի հավատարմագրման հարցով. Sports.News.am
Ռուսաստան Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար ռուսական «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանի հավատարմագրումով, որը մերժվել է Եվրո-2020-ի համակազմակերպիչ Բաքվի կազմկոմիտեի կողմից, հաղորդում է Sports.ru-ն, տեղեկացնում է Sport.News.am-ը:
«Գիտեմ, որ ՈւԵՖԱ-ն փնտրում է լուծում, որը թույլ կտա ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին իրականացնել իր մասնագիտական գործունեությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանման հարցում։ Հավատում եմ, որ լուծում կգտնվի։
Երեկ ամբողջ երեկո զբաղվել ենք այդ հարցով։ Կարող եմ ասել, որ բոլոր մասնակից կողմերից այսպիսի կառուցողական վերաբերմունք վաղուց չէի տեսել»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։
ՈւԵՖԱ-ի կանոններով Եվրո-2020-ի լուսաբանման հավատարմագրում ստանալու համար լրագրողը պետք է հավանություն ստանա կազմակերպիչ բոլոր քաղաքների կազմկոմիտեների կողմից։ Բաքվից մերժում ստանալու հետեւանքով Նոբել Առուստամյանը չի կարողանա լուսաբանել մրցաշարը նաեւ մյուս 10 քաղաքներում։
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել է, որ Առուստամյանը բազմիցս խախտել է Ադրբեջանի օրենքները։ Հայտնի է, որ Առուստամյանը մի քանի անգամ այցելել է Արցախի Հանրապետություն։
«Եվրո-2020-ն անցկացվում է, որպես միասնական համակարգ։ Դա վերաբերում է նաեւ հավատարմագրումների գրանցման համակարգին։ Տվյալ դեպքում, լրագրողը կարող է դիմել անմիջապես ՈւԵՖԱ-ին»,- ավելացրել է Մամեդովը։
Մանրամասները՝ Sport.News.am-ում: