211652_close_icon
views-count6026 դիտում article-date 14:55 05-06-2021

Փաշինյանն այցելել է Աբովյանի դատաբժշկական կենտրոն. այնտեղ գտնվող մարմիններն այժմ պահվում են Մարտունիում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Զեկուցվել է, մասնավորապես, սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացվող փոփոխությունների մասին։

Վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։ Զեկուցվել է, որ մարմիններն Աբովյանի դիահերձարան էին տեղափոխվել ԴՆԹ նմուշառում իրականացնելու և նույնականացնելու նպատակով, քանի որ ԴՆԹ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքը գտնվում է Աբովյանի գիտագործնական կենտրոնում։  Այժմ մարմինները գտնվում են Մարտունու դիահերձարանում և պահվում են համապատասխան սառնարանային պայմաններում։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողական է լինելու համակարգի արագ բարեփոխման, անհրաժեշտ մասնագիտական ու աշխատանքային կարողությունների ձևավորման գործում և հանձնարարել պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել գործընթացը։

 

Նմանատիպ նյութեր