211652_close_icon
views-count2985 դիտում article-date 19:23 02-06-2021

Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք.. Մոնթեի գործը շարունակողներից է Վահագն Սաղաթելյանը

ԶԻՆՎՈՐԸ... 

Երբ Մոնթեի նկարի մոտ կանգնած ժպտում է, իսկ բռունցքով ցույց է տալիս իր` զինվորի անպարտելի կերպարը, միանգամից հիշում եմ կենդանի լեգենդի խոսքերը` իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք... 

Մոնթեի գործը շարունակողներից է Վահագն Սաղաթելյանը, ում մասին պատմելուց կլինեմ անկեղծ։ Զինվորականի ընտանիքում է ծնվել Վահագնը։ Հայրը պահեստազորի փոխգնդապետ է։ Եվ հենց մանկուց էլ հայրենիքի հանդեպ սերը ամրացավ ու դարձավ հզոր վահան, որ իր հետ մինչև հիմա ունի Վահագնը։ 

Ամենահայրենասերների, ամենանվիրյալների համար է Հայաստանն ու Արցախը, ինչպես մի մարմին` անբաժան ու անսասան։ Չզարմանաք վերջին բառիս վրա, այո, անսասան, որովհետև այս երկրի տերը հայ զինվորն է, որի նմանը չկա ուրիշ տեղ։ 

Խոհեմ ու  խելացի է մեր նյութի հերոս զինվորը,  պարտականությունների կատարման առումով երբևէ չթերացող, ընկերասեր ( այդ սիրո մեջ էլ չի թերանում երբեք)։

-Հայրենիքն ու բանակն ինձ  համար անփոխարինելի սրբություններ են, և ես հպարտ եմ, որ հայրենիքիս զինվորն եմ,-ասում է զրուցակիցս` ավելացնելով,- ինձ բախտ վիճակվեց ծառայությունս սկսել դրախտավայր Եղնիկներում։ Նոր ծանոթություններ, նոր կյանք, որը նույնքան հետաքրքիր էր, որքան և դժվար,-անկեղծանում է։ 

Պատերազմն այդ դժվարության մեջ ցավ ներարկեց։ Վահագնը իր երդման պահողն ու երկիրը պաշտպանողների շարքերում է։ 

Երբ  44-օրյա պատերազմը սկսվեց, ինքը  զինվորական հոսպիտալում էր գտնվում: Հենց նույն օրն էլ մեկնեց զորամաս` առաջին  պատահած զինվորական մեքենայով։ 

Հայրը,  ով ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ ունի, իսկույն կամավորագրվեց` առանց երկմտելու։ 
Ինչպես շատերը, այնպես էլ իրենք`  հայր ու որդի  դարձան մարտական ընկերներ։ 

-Եղբայրս,  ով Ապրիլյան պատերազմի մասնակից է, շարունակեց իր պայքարը 44-օրյա պատերազմում։ Ինձ համար մեծ օրինակ է թե՛ եղբորս թե՛ հորս կատարածը, և ես չուզեցի անմասն մնալ,-մեզ հետ զրույցում ասել է Վահագն Սաղաթելյանը` շարունակելով,-ճիշտ է,  այս պատերազմը տարբերվում էր նախորդ պատերազմներից, բայց մեր ոգին անկոտրում էր։ 
Այս պարտությունը ես չեմ ընդունում,  մենք նորից կկերտենք հաղթանակներ,  հետ կբերենք մեր կորցրածը,-վստահեցնում է։

Վահագնը մեծ ցավ է ապրում, որ կորցրեցինք գրեթե ամբողջ Արցախը, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, կորցրեց նաև շատ  հարազատ ընկերներ։ 

Զինվորը հույսը չի կորցնում, այլ համոզված է` կվերագտնենք մեզ ու մոխիրներից վեր կհառնենք` որպես փյունիկ։ 

Վահագնը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող է, սակայն 6 ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ։ Շատ ծրագրեր ունի, որոնց իրագործման ճանապարհին չի նահանջելու։ 

Մեծ է ցավը, անդառնալի են կորուստները... 
-Չեմ ուզում մանրամասն պատմել այն զգացողությունների մասին,  ինչ կատարվել են մարտի դաշտում։  

Նա հայ զինվորի համազգեստը պատվով է կրում, և միանշանակ` երդմանը հավատարիմ ծառայում է հայրենիքին` ամուր պահելով սահմանի իրեն վստահված հատվածը։ 

Վովա  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր