211652_close_icon
views-count19067 դիտում article-date 12:19 27-05-2021

Սա գերեվարում չէ. տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգումը ՀՀ տարածքից. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսեց հետևյալ խոսքով․

«Տեղյակ եք, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, եւ ես կարեւոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել:

ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացրելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրանք իրականացվել են զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն դրանք չեն արվել են դիվերսիոն նպատակներով: Այս գործողություններն արվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Իհարկե, հետագայում արդեն եղել է տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են: Հանգամանքներն, իհարկե, դեռ պետք է պարզվեն, բայց սա ըստ էության, գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգումը ՀՀ տարածքից: Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաեւ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ եւ հարցը հենց այս համատեքստում է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար: Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ  ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

Պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, մեր 6 զինծառայողները ունեցել են սահմանի կահավորման խնդիր, որը շարունակաբար տեղի է ունենում սահմանի ողջ երկայնքով: Շատ կարեւոր եմ համարում, որ այս դեպքի առիթով, որ հարցը ամենեւին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով:

Կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի եւ ԶՈՒ-ի դեմ օգտագործելու բոլոր փորձերը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց, որ վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենեւին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել մասնավորապես, Ադրբեջանի իշխանության կողմից. «Սա Հայաստանի ինքնիշխանությանը, տարծքային ամբողջականությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Սա այն պարագան է, որ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ  միջազգային լծակները իրադրությունը շտկելու եւ կարգավորելու համար: Մենք դրա համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու ենք:

Շատ կարեւոր է, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցածի եւ դրա համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի այդ թվում հայկական լրատվական տիրույթում: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը այսօր առավել եւս պետք է համախմբված լինի մեր բանակի, պետական ինստիտուտների շուրջ, որ մենք  այս իրադրությունը հաղթահարենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց, որ պետք է հակառակորդի երկու նպատակներն արձանագրել եւ կառավարել. «Նպատակներից մեկն այն է, որ իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես սովորական բան: Երկրորդ սցենարին է հրահրել ռազմական բախում իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից ոչ մեկին տուրք չպետք է տանք: Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Երկրորդը, մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց, սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք շրջահայացորեն: ՀՀ Զինված ուժերը պետք է կատարեն սահմանների պահպանության եւ ամրության, տարածքային ամբողջականությունը պահպպանելու իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային եւ չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները ամենեւին  տեղին չեն»:

Նմանատիպ նյութեր