211652_close_icon
views-count1341 դիտում article-date 22:28 25-05-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանության միջև ձևավորված փոխգործակցային հարաբերությունները, մասնավորապես Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող կրթական տարբեր ծրագրերին և մշակութային արժեքների պահպնությանն ու խնամքի աշխատանքներում դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցությունը։

Իր հերթին նորանշանակ դեսպանը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու գործում: Կարևորելով երկու երկրների միջև առկա կապերը՝ դեսպանը նշեց, որ Ճապոնիայի կառավարությունը պիտի շարունակի մարդասիրական զորակցություն ցուցաբերել Հայաստանին։ Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ դեսպան Մասանորին նշեց, որ ջանքեր պիտի գործադրի երկու երկրների միջև տնտեսական կապերի զորացման և մշակութային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ, հատուկ շեշտադրում պիտի կատարվի երիտասարդների շփման ծրագրերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար կարևորեց ճշմարտության բարձրաձայնումը նմանօրինակ արհավիրքների կանխման համար՝ ընդգծելով, որ լռությունը կարող է ոճրագործությունների կրկնության պատճառ դառնալ։ Դեսպանը ևս ցավ արտահայտեց այս կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորումն ընդունելի է միայն խաղաղ միջոցներով։

Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց այս դժվարին օրերին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր