Համապետական ռեկորդ եռացատկում
Ըստ էության միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանի գլխավորած մրցավարական հանձնախումբը անսխալ աշխատեց Արտաշատում անցկացված Հայաստանի աթլետիկայի առաջնությունում: Մասնակիցները որևէ դժգոհություն չեն արտահայտել նշած առումով: Այնուամենայնիվ, ասպարեզներում մրցած շուրջ 60 մարզիկ – մարզուհիներից միայն մեկը արդարացրեց սպասելիքը: Նա եռացատկորդուհի Յանա Սարգսյանն է, որը 13մ 16 սմ ցուցանիշով սահմանեց հանրապետական ռեկորդ և արժանացավ չեմպիոնի պատվին: Հետաքրքիր է , որ երևանցի մարզուհին բարձրագույն նվաճման հասավ եռացատկորդ Արամայիս Սարգսյանի հետ ամուսնանալուց և կապանյան գրանցում ստանալուց հետո:
Մյուս մրցաձևերում սպասվածից թույլ մրցելույթներ ունեցան նույնիսկ առաջատարները: Առաջին հերթին նկատի ունենք գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի և կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին: Նրանց արդյունքները բավականին ցածր էին օլիմպիական վարկանիշի նորմից: Այս մասին, անշուշտ, ափոսոսեցին նաև մարզիկներն ու մարզիչները: Լավ է , որ նրանք չեն հուսալքվել: Լևոն Աղասյանը հույս հայտնեց , որ առաջիկայում անցկացվելիք մրցաշարերում իրեն կհաջողվի բարելավել արդյունքը և դառնալ օլիմպիական: