211652_close_icon
views-count985 դիտում article-date 14:45 11-09-2014

Կիրականացվի համապետական նշանակություն ունեցող ծրագիր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Հրազդանի ՋԵԿ-ից մինչև Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորատուս-Լիճք-Վարդենիս-Որոտան 1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի կառուցման ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիմա վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարը, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը, որի Տրանշ 1-ով նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները և կիրականացվի հետագա իրացումը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նույն բանկի հետ ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Գործադիրը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա և Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները: Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում կառուցվել են բազմաբնակարան բնակելի շենքեր, ուստի արդեն բնակիչներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Կառավարության որոշմամբ թույլատրվել է մասնավորեցնել Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի սահմանում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի դաշտամիջյան ճանապարհները: Ներդրումային ծրագրով կառուցվելու է 27 հա ջերմատուն, ստեղծվելու է 500-600 աշխատատեղ: Իր նախկին երկու որոշումների փոփոխությամբ գործադիրն ստեղծել է այնպիսի պայմաններ, որ ՓՄՁ սուբյեկտները նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք բերեն ավելի մատչելի գնով, իսկ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի վարկային երաշխավորության դրամագլխի համալրման դեպքում ստանան պետական աջակցություն: Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար. դրանով առավել արդյունավետ կկազմակերպվի բաշխման շարժը:

Նմանատիպ նյութեր