211652_close_icon
views-count22256 դիտում article-date 15:53 13-05-2021

Ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում թույլատրվում է 4-րդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված  հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները և բավարարել երեխա ունենալու նրանց պահանջմունքները և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝  վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում, ծնելիության գործակիցը շարունակաբար նվազել է՝ կրճատվելով 1.8 անգամ: Գործող օրենքում առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառման ապահովումը, ինչը կարող է  որոշակի դեր ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Մասնավորապես, գործող օրենքը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող երկու տարբեր ծառայությունների համար նախատեսված են նույն մասնագիտական և սարքավորումային պահանջներ: Նախագծով առաջարկվում է ավելացնել կետ, որը թույլ է տալիս  տարանջանտել այդ 2 ծառայությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման տարբեր տեսակների շրջանակնում, ինչը թույլ կտա զարգացնել վերարտադրողական բժշկությունը մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում:

Առաջարկվող  փոփոխություններից մեկով ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու  դեպքում թույլատրվում է վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառման միջոցով  չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը, խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից: Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, ստեղծելով հնարավորություններ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, նույնիսկ եթե այս դեպքում ընտանիքը ցանկություն է հայտնում պլանավորել 4 կամ հաջորդ երեխայի սեռը: Կարգավորվում է նաև դոնորի և (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի և (կամ) փոխնակ մոր  նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը:  Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց օրինագծի ընդունումը և նշեց, որ առաջարկվող փոփոխությունները ինստիտուցիոնալ  են. «Սա նույնպես պետք է արձանագրենք, որ հընթացս օրինագծիը կլրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝ սկսած էթիկականից, վերջացրած իրավականից, պատշաճ ձևով լուծվեն և կարգավորվեն: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարևոր է, և հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների»:

Նմանատիպ նյութեր