211652_close_icon
views-count6927 դիտում article-date 20:50 12-05-2021

«Նիկոլիզմը» ձախողելու է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բոլոր նախագծերը. Արթուր Վանեցյանի հարցազրույցը Eurasian Daily-ին

Tert.am-ը գրում է. Հայաստանում պաշտոնապես նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը`2021 թվականի հունիսի 20-ը: Eurasian Daily լրատվականի թղթակիցը առաջիկա խոշոր ընտրությունների ֆոնին հանրապետության առկա խնդիրների մասին զրուցել է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, որն այժմ գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը, որը ստեղծվել է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համատեղ:

Հարցին, թե մարդիկ ինչ են սպասում ընտրություններից, թվում է, թե «ավելի լավ կյանքի» մասին շահարկումները տեղի են տվել ավելի հրատապ խնդիրների, Վանեցյանը պատասխանել է.

«Մասամբ`այո: Միանշանակ և ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են ապաշնորհ իշխանության անվերջանալի ձախողումներից և պարտություններից, որոնցից ամենադաժանը և ողբերգականը վերջին պատերազմում կրած պարտությունն է, որն իր հետ բերել է սարսափելի հետևանքներ, հսկայական մարդկային զոհեր և տասնյակ հազարավոր ճակատագրեր է կոտրել:

Մարդիկ հոգնել են անդադար պոպուլիստական ստերից, մանիպուլյացիաներից և աղմուկից, ավերածություններից, անիմաստ առճակատումից և խառնաշփոթից ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, անկանխատեսելիությունից, իսկ նրանցից շատերը հոգնել են անելանելիության սուբյեկտիվ զգացումից:

Ժողովուրդը ցանկանում է վերադարձ դեպի կայունություն և խաղաղություն, դեպի անվտանգություն և կանխատեսելիություն, դեպի կանխատեսելի զարգացման հեռանկարներ: Երկիրն ավերած Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ագրեսիվ պոպուլիստները զզվելի են դարձել, իսկ հասարակ մարդիկ կրկին երազում են ստեղծագործական աշխատանքի, կարող բանակի, երկրի միջազգային հեղինակության վերականգնման և ապրելու ու զարգանալու հնարավորության մասին: Մարդիկ ցանկանում են կրկին զգալ պետության ներկայությունը»:

Վանեցյանի այս խոսքից հետո լրագրողը նկատել է, որ կայունությունը, զարգացման հեռանկարներն ու այն ամենը, ինչի մասին նշեց քաղաքական գործիչը, կային նաև 2018 թվականի իրադարձություններից առաջ, ինչին Վանեցյանը պատասխանել է.

«Համաձայն եմ, որ այն ժամանակ, իհարկե, կայունություն և զարգացման հեռանկարներ կային, բայց զարգացման այդ փուլում մեր ժողովրդին դա այլևս չէր բավարարում: Եվ այդքան շատ մարդիկ փողոց էին դուրս եկել`պահանջելով և ակնկալելով ավելի մեծ արդարություն, ավելի մեծ հավասարություն և ավելի մեծ բարեկեցություն: Այնուամենայնիվ, 2018-ի իրադարձությունների և ապաշնորհների եռամյա կառավարման հետևանքով մենք կորցրել ենք հեռանկարները, և պետությունն այսօր կաթվածահար է, եթե չասենք քայքայված: Կորածը վերականգնելու համար կա միայն մեկ միջոց`ընդհանուր համախմբում և ջանքերի կենտրոնացում ավերածությունների, անպատասխանատվության և ստի դեմ պայքարում, այն ամենի դեմ, ինչը Հայաստանում «նիկոլիզմ» է կոչվում:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր