211652_close_icon
views-count2508 դիտում article-date 14:50 02-05-2021

Կալիֆոռնիայի դեմոկրատների համաժողովը բանաձևով ԱՄՆ վարչակազմին կոչ կանի Բաքվից պահանջել հայ գերիների ազատ արձակումը

Լոս Անջելեսից Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող ամենամյա համաժողովի ընթացքում: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայերն այսօր»-ը տեղեկացնում է, որ բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: «Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և  պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 - 1923 թվականների  Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան, որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները  ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած  դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,-ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով. «Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ  1915 թ-ին լուռ  հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։

Մանրաասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր