211652_close_icon
views-count2464 դիտում article-date 13:10 25-04-2021

ՔՊ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Փաշինյանը հանդես է գալու որպես վարչապետի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու որպես վարչապետի թեկնածու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերով հեռարձակված իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ  պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջարկել է դեռևս 2020 թվականի վերջին, բայց մի շարք ուժերի կողմից այն մերժվում էր, որովհետև արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի չակերտավոր էլիտար փակ սենյակներում, և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից:

«Այդ ուժերը նման մոտեցում ցուցաբերում էին ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի կողմից վստահության արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի չակերտավոր էլիտայի կողմից կայացված որոշումները:

Մեր հավատամքը, սակայն, բոլորովին այլ է. ժողովրդի ազատ կամարտահայտությունը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է, և իշխանության հետագա ճակատագիրը պիտի որոշի միայն ու միայն, բացառապես ժողովուրդը, և ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր