211652_close_icon
views-count1832 դիտում article-date 10:49 22-04-2021

Այս տղայական կեցվածքը սրում է հակասություններն առանց այդ էլ պառակտված հասարակության մեջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ինձ հետ զրույցում ուշագրավ մի միտք հայտնեց, որի իմաստը հետեւյալն է. առաջ Երեւանի պետական համալսարանի վերնախավի զգալի մասը (բազմաթիվ դեկաններ եւ ամբիոնների վարիչներ) վախենում էր իշխանությունից, հիմա չի վախենում, եւ դա լավ է: Բայց հիմա իշխանությունից թեեւ չեն վախենում, սակայն չեն էլ հարգում, իսկ դա վատ է:

Այդ օրինաչափությունը կարելի է, հավանաբար, տարածել ամբողջ հանրապետության վրա: Իհարկե, կան Փաշինյանի անդրդվելի երկրպագուներ, որոնք շարունակում եմ հիանալ նրա ամեն մի քայլով՝ հավանաբար, նաեւ զորավարի անզուգական տաղանդով: Բայց նրա հիմնական ընտրազանգվածի տրամադրությունն այլ է. «Նախկինները երկիրը թալանեցին, բանակը քանդեցին, խաբեցին՝ տվին Նիկոլի ձեռը, էդ խեղճ տղան ի՞նչ աներ»: Այստեղ կա համակրանք, բայց չկա հարգանք. թեեւ այդպես մտածողներն, ըստ ամենայնի, ձայն կտան «Իմ քայլին», բայց, նրանց վրա հիմնվելով, դժվար կլինի վերածնել մեր պետությունը, որովհետեւ այդ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է գործեն պետության մեխանիզմները, չեն պատկերացնում, թե ինչով պետք է զբաղվի պետության ղեկավարը: Եթե նման քաղաքացիները մեծամասնություն են կազմում, դա ուղղակի վտանգ է պետության համար:

Մինչեւ 2018 թվականը շատ մարդիկ Սյունիքի մարզում ահաբեկված էին Լիսկայից, քանի որ նրա եւ նրա ընտանիքի անդամների արարքները անպատիժ էին մնում (ի դեպ, մինչեւ հիմա էլ անպատիժ մնացին): Հիմա, բարեբախտաբար, վախ չկա, բայց չկա նաեւ հարգանք:

Արդյո՞ք սյունեցիներն իրավունք ունեն երկրի վարչապետին չհարգելու: Ինձ թվում է՝ այո. պատերազմում նվաստացուցիչ պարտությունը տասնապատիկ նվաստացուցիչ էր այս մարզի բնակիչների համար, որոնց սահմանին հայտնվել է թշնամին, իսկ թշնամական երկրի ղեկավարը սպառնում է ամբողջությամբ «վերադառնալ» Զանգեզուր չարաբաստիկ «միջանցքի» միջոցով: Հայաստանի իշխանական այն քարոզիչները, որոնք ասում են, որ Փաշինյանի դեմ ցույցերը Սյունիքում «սարքած են մութ ուժերի կողմից», պարզապես նրբանկատ չեն մարզի բնակիչների զգացմունքների հանդեպ: Ուրիշ հարց, որ այդ ցույցերն ուղեկցվում էին հայհոյանքներով եւ խուլիգանական արարքներով, որոնք ինձ համար անընդունելի են:

Մի կարեւոր հանգամանք եւս: Փաշինյանը իր (այսպես ասենք) ոչ այնքան հասուն բնավորության համաձայն, շտապում է ընտրություններից առաջ կոտրել ցանկացած դիմադրություն եւ ինքնահաստատվել այն տարածքներում, որտեղ վերաբերմունքն իր նկատմամբ բարյացակամ չէ՝ զոռով գնալ Եռաբլուր, զոռով «կզացնել» Գլխավոր շտաբի գեներալներին, զոռով «նվաճել» Սյունիքը: Բացի պետական մտածողության բացակայությունից՝ այս տղայական կեցվածքը սրում է հակասություններն առանց այդ էլ պառակտված հասարակության մեջ:

Ինչ մնում է բուն ընտրություններին, ապա պայքարն առնվազն շատ կարծր է լինելու»:

Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր