211652_close_icon
views-count1454 դիտում article-date 13:02 19-04-2021

Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու է Երևանում

2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է, նրա հետ զրուցել ենք 9 տարի շարունակ ապրիլի 30-ին ջազի սիրահարներին տոն նվիրելու նախաձեռնության, արված աշխատանքի, հաջողությունների մասին, և թե ինչպես է Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու Երևանում:  
Պարոն Մովսեսյան ինչպե՞ս ստացվեց, որ 10-ը տարի առաջ Հայաստանը ևս միացավ Ջազի միջազգային օրվան:
  • 2011 թվականի աշնան վերջն էր, որ տեղեկություն տարածվեց, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ապրիլի 30-ը հայտարարել ջազի միջազգային օր: Որպես երաժշտասեր մտածեցի ինչու ոչ, կարելի է այն նշել նաև Երևանում: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էի, առաջարկեցի քաղաքապետ Կարեն  Կարապետյանին քաղաքապետարանի միջոցառումների ցանկում ամեն տարի ներառել Ջազի միջազգային տոնը՝ քաղաքին մշակութային ուրույն գույն տալու և երիտասարդներին ոգևորելու նպատակով: Ջազի միջազգային օրը նշելու հենց առաջին տարվանից էլ` 2012-ի ապրիլի 30-ից, Երևանը այդ ամսաթիվը դարձրեց ջազմենների ու ջազի սիրահարների հանդիպամն անփոփոխ օր: Վայրն էլ որոշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակը /Կասկադի պուրակը/:
Այս տարիների ընթացքում առիթներ եք ունեցել համոզվելու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են նաև այնպիսի հայ ջազմեններ, որոնք բավականին հայտնի են ու սիրված:  ինչպե՞ս գտաք օրինակ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրներին, որոնք մինչև այդ երբեք չէին եղել Հայաստանում:   
  • Երբ առաջին անգամ տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը համացանցում, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց մեր երկրում նույնիսկ չէին ճանաչում: Կապվեցի նրանց հետ և սիրով համաձայնեցին գալ Հայաստան: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը, որոնք եկան մակեդոնացի մի երաժիշտի հետ: Բավականին հետաքրքիր տրիո էր: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով: Հրաշալի համերգ էր, ոգևորված գնացին: Ի դեպ Թավիջյանները հրաժարվեցին իրենց հոնորարից` նշելով, որ սա իրենց հայրնիքն է և չեն կարող գումարի դիմաց ելույթ ունենալ: Այդ հանդիպումը մեզ էլ ոգևորեց և որոշեինք, որ ամեն անգամ ապրիլի 30-ին պիտի պարտադիր արտերկրից մի երաժիշտ հյուր ունենաք:
10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ հայտնի ջազմեններ են եկել Երևան` Ռիչարդ Բոնանն, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Ինչպե՞ս էր հաջողվում նրանց բերել Հայաստան:  
  • Հաջորդ հայտնի ջազմենը, որ եկավ Հայաստան, բասկիթառահար Ռիչարդ Բոնան էր: Նրա հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ երբեք Հայաստանում չէր եղել և ծանոթ չէր մեր երկրին: Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին, ապա դա առիթ դարձավ, որ  հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը: Քանի որ շրջել էր Հայաստանում, ծանոթացել ճատրարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց` չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում  իր ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Աշխարհի լավագույն բասկիթառահարներից մեկը, որ ապրում է ԱՄՆ-ում, սիրահարվել էր Կոմիտասի երժշտությանը: Այդպիսի տպավորությունից հետո դժվար չէր նրան Ջազի միջազգային օրը հրավիրել Երևան, այն դեպքում, երբ այդ օրը ջազ երաժիշտները բավականին պահանջված էին ամբողջ աշխարհում:
 
Ով է ամենահայտնի ջազմենը, որը Ջազի միջազգային օրը Երևանում է եղել:
  Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Գիտեմ, որ այդ հանգամանքը նկատել են անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ինչպե՞ս են արձագանքել:   Բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտներ են ելույթ ունեցել այդ օրը, սկսնակ երաժիշտներ կա՞ն, որոնք բացահայտում են եղել ձեզ համար:
  • Ջազի միջազգային օրը Ջազի հայկական ասոցիացիան միշտ աշխատել է ելույթներում ներգրավել երիտասարդ կատարողների: Այդ առումով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հետ համագործակցությունը դարձել է ավանդույթ: Չեք պատկերացի, թե նրանց ոնց է ոգևորում այդ հանգամանքը: Այդ երաժշտական դպրոցի պատանիների նվագախումբը այս տարի ևս ելույթ է ունենալու: Երիտասարդների  ոգևորությունը շատ կարևոր է մեզ համար, նպաստել նրանց հաջողությանը նշանակում է հնարավորության տալ, որ վաղը ի հայտ գան նոր ու պահանջված հայ երաժիշտներ:
Ինչպե՞ս պիտի Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվի Երևանում:  Նախորդ տարիներին համաշխարհային աստղեր են եղել, ովքե՞ր ելույթ կունենան այս անգամ:  
  • Այս անգամ Ջազի միջազգային օրը կնշենք ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում:  Ջազի սիրահարները ջազի այգում կհանդիպեն բոլոր հայտնի հայ ջազմեններին, ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, երաժշտասերները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի կատարողների հետ: Այս անգամ հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չենք ունենա:  Ջազի սիրահարներին ապրիլի 30-ին ժամը 17:00 հրավիրում եմ Սիրահարների այգի` ներկա լինելու ջազի տոնին: Մուտքն ազատ է լինելու: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր