211652_close_icon
views-count1412 դիտում article-date 16:25 16-04-2021

«Հայաստանի յոթ հրաշալիքները». անիմացիոն հոլովակների շնորհանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում

1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով  հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունից հայտնում են, որ տարիներ շարունակ ԻԿՕՄՕՍ-ն առաջարկում է որևէ թեմա` օրվա խորհուրդը համարելով մշակութային ժառանգության  լայն ընդգրկման լուսաբանումը: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի, այս տարվա թեման է՝ «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ»:

Մշակութային ժառանգության պահպանությունը պահանջում է անցյալի քննադատական վերլուծություն, քանի որ այդ պրակտիկան պահանջում է ապագայի ապահովում: Ընդունելով բազմազանության առավել մեծ ընդգրկման և ճանաչման համընդհանուր  կոչերը` 2021 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը  հրավիրում է բոլոր մասնակիցներին անդրադառնալ, վերաիմաստավորել և վերանայել գոյություն ունեցող նարատիվները:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ապահովելու բաց հարթակ լայն ներգրավվածության և մասնակցության համար: Այդ օրը, մասնավորապես, պատեհ հնարավորություն է ժառանգության բազմազանության նկատմամբ բարձրացնել հասարակության զգայականությունը, մեկտեղել այդ ժառանգության պահպանության և պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ժառանգության խոցելիության վրա:                                                                
Ավանդույթի համաձայն` ապրիլի 18-ին առաջադրված թեմային համահունչ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը կներկայացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակում  իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200 ամյակին: Ծրագրի արդյունքում ստեղծվել են  2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ` Հայաստանի հայտնի  և անհայտ հուշարձաններ /Գնդեվանք, Աղջկա բերդ, Թանահատի վանք, Մանթաշաբերդ, Ջրահարսի վարսեր, Սելիմի քարավանատուն, Մեծամոր արգելոց-թանգարան/  այցելելու և այդ հուշարձանների տարածքում որոշակի կանոնների հետևելու մասին:  Անիմացիաներն ունեն մինիմալիստական, բայց  պատկերազարդ  և գունեղ լուծումներ, ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ, ունեն անգլերեն թարգմանություն: Ծրագիրն ունի հայրենաճանաչողական և կրթադաստիարակչական նպատակ և հոլովակները դիտելիս փոքր տարիքից քաղաքացու մոտ ձևավորվում է հետաքրքրություն և հարգանք պատմամշակութային ժառանգության, ընդհանրապես հայրենիքի հանդեպ: Բարեվարքության կանոններով խրախուսվում է խնամել, մաքուր և  անխաթար պահել և պաշտպանել  մեզ հասած ժառանգությունը: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նման ուսուցողական ծրագրերի միջոցով ճանաչել, պահպանել և արժևորել մեր հարուստ ժառանգությունը, որը մեր ինքնության անհերքելի վկայությունն է:                      

Ծրագրի շնորհանդեսը կկայանա ս.թ. ապրիլի 18-ին, ժամը` 14:00-ին, Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Նմանատիպ նյութեր