211652_close_icon
views-count1493 դիտում article-date 11:38 15-04-2021

Պատերազմի հետևանքով տուժած անձանց աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150 հազարը

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած անձանց աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր ելույթում հայտնեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Իրականացվել և իրականացվում է Արցախի աջակցության շուրջ 2 տասնյակ ծրագիր: Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության 6-ամսյա ծրագիր կա, որի շրջանակում այս պահին ունենք նույնականացված շուրջ 600 ընտանիք, վճարված գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլրդ դրամ: Խեղում ստացած զինծառայողների աջակցության ծրագիր՝ նույնականացված 265 շահառու, օգտագործված միջոցների չափը կազմում է 200 մլն դրամ: Հյուրընկալ ընտանիքների աջակցության 2 ծրագիր՝ այս պահի դրությամբ շահառուների թիվը 8 410-ն է, շուրջ 1,1 մլրդ դրամ մոբիլիզացվել և վճարվել է այս նպատակով»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսումնական վարձի 100%-ի փոխհատուցման ծրագիրն ունեցել է 4 210 շահառու, վճարվել է 900 մլն դրամ:

«Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած քաղաքացիական անձանց աջակցության ծրագիր՝ այս պահին ունենք 56 նույնականացված շահառու և 200 մլն դրամի չափով վճարված գումար: Վիրավորում ստացած զինծառայողներին աջակցություն՝ այս պահի դրությամբ ունենք 6 500 նույնականացված շահառու, վճարված՝ 3,3 մլրդ դրամ: Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին աջակցություն՝ 35 շահառու ընտանիք, շուրջ 15 մլն դրամ արդեն վճարվել է»,- նշեց փոխվարչապետը:

Հայաստանի Հանրապետությունում պատերազմի հետևանքով անշարժ գույքը վնասված անձանց փոխհատուցման ծրագիրն ունեցել է 77 շահառու, հատուցվել է 50 մլն դրամ գումար:

«Ունենք Արցախում հաշվառված անձանց աջակցության ծրագիր, որն ամենամեծ ծրագիրն է: Այս ծրագրով ունենք 77 հազար 420 հաշվառված շահառու, 5,3 մլրդ դրամ փաստացի վճարված գումար: Արցախին աջակցության միջոցառումներից մի քանիսն արդեն ավարտված են: Արդյունքային տվյալներ՝ շահառուների թիվը 100 հազար 91 մեր հայրենակիցներ, վճարվել է շուրջ 7,3 մլրդ դրամ: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակիչներին աջակցություն՝ 33 հազար 981 շահառու, վճարված 10 մլրդ 200 մլն դրամ: Արցախում անշարժ գույք կորցրած անձանց աջակցություն՝ 5 հազար 276 շահառու, 1 մլրդ 300 մլն դրամ գումար»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Արցախի մինչև հինգ տարեկան երեխաներին աջակցության ծրագրից օգտվել է  13 հազար 873 երեխա, վճարվել է 300 մլն դրամ գումար:

«Արցախի աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150 հազարը, Արցախի կառավարությանը ևս տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի չափով ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով»,- նշեց փոխվարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս պահին քննարկման փուլում է պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիրը:

Նմանատիպ նյութեր