211652_close_icon
views-count23682 դիտում article-date 14:51 08-04-2021

«Նոր Զովք» սուպերմարկետի համար Մայրության և գեղեցկության տոնը խաղաղ չի եղել. գողերը թալանել են սուպերմարկետի 2 մասնաճյուղ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի տագնապային ազդանշանը միացել է։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 02։55-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի շերտավարագույրները բացել են և այնտեղից գողացել «Իզի Փեյ» վճարային տերմինալը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վճարային տերմինալը վնասված և թալանված վիճակում հայտնաբերել են Արգավանդ գյուղի կենտրոնական 2-րդ փողոցում։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 05։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դերենիկ Հունանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով Արշակունյաց պողոտա 54/49 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողացել են «Իզի Փեյ»-ի հաշվարկային տերմինալը։

Նշված գողության փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր