«Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը». Մեդիա պաշտպան
Ապրիլի 7-ին՝ Կառավարական առաջին շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանները հերթական անգամ ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում բազմիցս ֆիքսել է այն դեպքերը, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները լրագրողների հետ շփման շրջանակներում անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում։ Սա խախտում է խոսքի ազատության թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենքները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից և բոլոր ուժային կառույցներից չանցնել բարեկրթության սահմանները, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը և դեմ չգնալ ներպետական և միջազգային օրենքներին։