211652_close_icon
views-count1190 դիտում article-date 13:05 01-04-2021

Բուհերի ընդունելության կարգը փոխվում է. 1-ին փուլում դիմորդը կարող է նշել միայն 1 բուհ, 1 մասնագիտություն

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց այս տարի բուհերի ընդունելության կարգում:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց. «Ընդունելությունը կկատարվի երկու փուլով. Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և կընտրեն կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն արդյունքները, ինչպես նաև կհայտարարվեն թափուր մնացած տեղերի քանակն՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: 2-րդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք իրենք արդեն հանձնել են: 2-րդ փուլով կանցկացվի մրցույթը ավել բարձր բալ ստացած ուսանողների միջև: Դրանով կավարտվի ընդունելությունը»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ որոշվեց ընդունելության միայն 1 քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք արձանագրում ենք հետևյալը, որ դիմորդը առաջին փուլով կարող է դիմել 1 բուհ, 1 վճարովի և 1 անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ: Հիմա քննություններն ավարտվեցին և պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ոչ վճարովի, ոչ անվճար տեղերը: Սրանից հետո, նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել 2-րդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե 2 առարկայից հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել և ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը 2-րդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը՝ 22 300 է:

Նմանատիպ նյութեր