211652_close_icon
views-count1745 դիտում article-date 17:32 22-03-2021

ՀՀ Վճռաբեկ դատարանը, ընդունելով ՀՀ դատախազության բողոքում արտահայտված դիրքորոշումները, հերթական ուղղորդիչ որոշումն է կայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունը երկու օր առաջ ստացել է 2011 թվականին կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 17.08.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին կայացրած՝ քրեադատավարական պրակտիկայի բարելավման և հստակեցման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշումը: 

Նշված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի, ով չէր համաձայնել ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործի վարույթը կարճելուն, քրեական հետապնդումը դադարեցնելուն և չէր ընդուել իրեն առաջադրված մեղադրանքը: Ընդհանուր կարգով շարունակված քննության ըթնացքում նախաքննական մարմնի կողմից միջնորդություններ են  ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ գործով մեղադրյալի տանը, կից շինություններում, ինչպես նաև աշխատասենյակում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին, սակայն դատարանը մերժել էր դրանք:

Այդ որոշումների դեմ դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. հունվարի 10-ի որոշմամբ մերժվել է։

Դատարաններն իրենց որոշումը հիմնականում  պատճառաբանել էին նրանով, որ ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող առերևույթ հանգամանք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը: Իսկ նման պայմաններում բնակարանում/աշխատասենյակում խուզարկություն  կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների, մասնավորապես բնակարանի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այն դեպքում, երբ առկա է վարույթը բացառող հանգամանք, սակայն առերևույթ հանցանք կատարած անձը համաձայն չէ այդ հիմքով վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն, քննությունը պետք է իրականացվի այնպիսի մեթոդների և գործիքակազմի գործադրմամբ, որոնց կիրառումը չի ենթադրում անձի իրավունքների և օրինական շահերի անհամաչափ միջամտություն:
Չհամաձայնելով ստորադաս դատարանների վերոնշյալ իրավական մոտեցումների հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կայացված որոշումների դեմ ներկայացել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

 Դատախազությունը ելել է այն դիրքորոշումից, որ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերևույթ անցել են անձին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:

Այն պայմաններում, երբ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կաճելուն, վերջինիս վերագրվող արարքն ապացուցված համարելու, նրա մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու համար պահանջվում է կատարել լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն վերջինիս բնակավայրում կամ աշխատավայրում: Մինչդեռ ստորադաս դատարանների կայացրած նման որոշումների արդյունքում վարույթն իրականացնող մարմինը զրկվում է այդ հնարավորությունից:

Դատարանների վերնշյալ հիմնավորումների ընդունման դեպքում, նմանատիպ իրավիճակներում վարույթն իրականցնող մարմինը պետք է զրկվի մի շարք քննչական ու դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից, օրինակ՝ դատարան ներկայացնել նամակագրության, փոսային, հեռագրական և այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունները լսելու վերաբերյալ միջնոդրություններ կամ առգրավել բանկային կամ ստանալ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններ, քանի որ դրանք ևս այս կամ այն կերպ միջատում են անձի անձնական կյանքի գաղտնիությանը:  

Քննության առնելով դատախազության բողոքները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը լիովին համաձայնել է վերջինիս իրավական դիրքորոշումների հետ: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, սակայն մեղադրյալը համաձայնություն չի տվել այդ հիմքով վարույթը կաճելուն, վարույթը պետք է շարունակվի ընդհանուր կարգով, քրեադատավարական հնարավոր բոլոր միջոցներով պետք է կատարվի օբյեկտիվ, լրիվ և բազակողմանի քննություն՝ վերջնական դատավարական որոշում կայացնելու համար:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ այս պայմաններում մեղադրյալի համար կանխատեսելի է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բոլոր քննչական և դատավարական գործողությունները, որոնք ուղղված են անձի մեղքի ապացուցմանը, կարող են կատարվել: Այսինքն՝ վաղեմությունն անցնելու հիմքով վարույթի դադարեցման դեմ առարկելով՝ մեղադրյալն ընդունում է իր որոշ իրավունքների հնարավոր սահմանափակման, իսկ արդյունքում նաև՝ իր մեղավորության հաստատման ռիսկը:

Համաձայնելով նաև մյուս պատճառաբանությունների վերաբերյալ դատախազության դիրքորոշումների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի հետևությունները իրավաչափ չեն:

Ելնելով դրանից՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության բողոքները բավարարել է մասնակիորեն, բեկանել է ստորադաս դատարանների վերոնշյալ որոշումները և գործն ուղարկել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
 
 
 

Նմանատիպ նյութեր