Հայ ըմբիշները օլիմպիական վարկանիշային ստուգատեսում հիանալի քննություն բռնեցին
Միանգամից ասենք, որ Բուդապեշտում անցկացվող ըմբշամարտի եվրոպական երկրների պատվիրակների մասնակցությամբ օլիմպիական վարկանիշային ստուգատեսում հիանալի քննություն բռնեցին հայաստանցի ազատ ոճի վարպետները: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի սաներից երկուսն արժանացան Տոկիո մեկնելու պատվին: Ճիշտ է, նրանք դեռևս չեն ավարտել իրենց մրցելույթները և այսօր պետք է գոտեմարտեն եզրափակիչի մրցակիցների դեմ:
Առաջինը ցանկալի վարկանիշին արժանացավ Եվրոպայի չեմպիոն, մասիսցի Արսեն Հարությունյանը / 57 կգ /: Նա հաջորդաբար հաղթեց բելառուսցի փորձառու ըմբիշ, 2013թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիսլավ Անդրեևին, վրացի Բեկա Բուջիաշվիլուն, իսկ կիսաեզրափակիչում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր, ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Վերջինին մասիսցի 21-ամյա Արսենը հաղթեց ժամանակից շուտ ՝ 10 : 0 հաշվով և մտավ եզրափակիչ:
Վճռական փուլում մեր ըմբիշի մրցակիցն է բուլղարացի հեղինակավոր, 27 –ամյա Գեորգի Վանգելովը: Տարիքն արդեն վկայում է նրա փորձառու լինելու մասին: Նա աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների բազմակի մրցանակակիր է:
Մեր թիմից առաջին տեղի համար պայքարի մասնակից է նաև արտաշատցի Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նա կմրցի չափազանց ուժեղ մրցակցի՝ աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հաջի Ալիևի հետ: Մինչ այս աշխարհի գավաթակիր, 21 –ամյա Վազգենը հաջորդաբար գետնել է աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին, Եվրոպայի փոխչեմպիոն, բելառուսցի Նյուրգուն Սկրյաբինին և . . . օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլուն, իսկ կիասաեզրափակիչում ՝ աշխարհի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին:
Նորընծա օլիմպիականների մասին կարծիք հարցրինք վաստակավոր մարզիչ, Սիդնեյի օլիմպիական խաղերի հինգերորդ մրցանակակիր Արշակ Հայրապետյանից: Նա երկու ըմբիշներին էլ բարձր գնահատական տվեց, ասաց, որ նույն տարիքի տղաներ են, պատանեկան և երիտասարդական մեր թիմերում միասին են մեկնել մրցուղերթների, մասնակցել հավաքների, մի խոսքով՝ միասին են աճել:
Հաղթողի ելքի հարցում մասնագետն առավել մտահոգ էր Վազգենի համար, քանզի նա չափազանց դժվարին հաղթանակներով է հասել եզրափակիչ, որտեղ դարձյալ , համոզված է, որ գոլեցյանական դպրոցի սանը տղամարդավարի կգոտեմարտի:
Զրուցակիցը վերջում նշեց, որ մեր հավաքականի արդյունքը բարձր պետք է գնահատել և կարևորել գլխավոր մարզիչ, վաստակաշատ Հաբեթնակ Կուրղինյանի և նրա ղեկավարած մարզչական կազմի աշխատանքը:
Հավելենք, որ մեր ըմբիշներից Հրայր Ալիխանյանին / 74 կգ / և Հովհաննես Մխիթարյանին / 86 կգ / այս ստուգատեսում չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր: