211652_close_icon
views-count1770 դիտում article-date 23:18 18-03-2021

Որպես առաջնության մասնակից ակումբ` մեզ խորը մտահոգում է կատարվածը. «Շիրակ» ՖԱ

«Շիրակ ՖԱ»-ն ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով «Լոռիի» առաջնությունից դուրս գալու վերաբերյալ:

«Ինչպես արդեն հայտնի է՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր ելույթները դադարեցրել է Վանաձոր քաղաքը ներկայացնող «Լոռի» թիմը:
Այսօր Հայաստանում հատկապես մարզային ֆուտբոլը իր ոչ լավագույն ժամանակներն է ապրում: Եվ այս պայմաններում «Լոռի» թիմը նոր շունչ և գույներ է հաղորդել հայկական ֆուտբոլին: Իսկ ակումբը կոչված էր զարգացնելու ֆուտբոլը ողջ մարզում և վերականգնելու Լոռվա ֆուտբոլի բարի համբավը:

Որպես առաջնության մասնակից ակումբ` մեզ խորը մտահոգում է կատարվածը և առաջացնում է հարցեր, որոնց պատասխաններն անկալում ենք ստանալ ՀՖՖ ղեկավարությունից:

Անկախ նրանից, թե որքանով են արդարացված Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ներկայացրած պահանջները, մտահոգիչ է, որ տևական ժամանակ ակումբը չի ստացել բողոքարկման կոմիտեի որոշումները, ինչն ավելի է մեծացնում տարակուսանքը ակումբների շրջանում: Այն էլ այն պարագայում, երբ ըստ սահմանված ընթացակարգերի Բողոքարկման կոմիտեն որոշում պետք է կայացներ յոթ օրվա ընթացքում: Իսկ այժմ բողոքի մի հայցով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան սպասում էր ավելի քան վեց ամիս:
Նման գործելաոճով խախտվում են ակումբների հիմնարար իրավունքներից մեկը՝ բողոքարկելու և/կամ վիճարկելու իրավունքը:
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարությանը պարզաբանումներ տալ, թե ինչու է գործընթացն այսքան ձգձվում և հանգեցնում նման իրավիճակի, երբ Պրեմիեր լիգայի մասնակից ակումբը չի ցանկանում շարունակել ելույթները:

Համոզված ենք, որ Պրեմիեր լիգան լքելու գործընթացը կկրի շարունակական բնույթ, եթե չիրականացվեն համապարփակ վերլուծություններ և չկատարվեն հրատապ համարժեք քայլեր՝ հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտի հաղթահարման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր