211652_close_icon
views-count24413 դիտում article-date 21:56 14-03-2021

Բացօթյա պայմաններում դիմակ կրելը որևէ ձևով չի անդրադառնում համաճարակային պրոցեսի ընթացքի վրա. Հակահամաճարակային Ալյանս

«Վերջին տարիներին հանրության կողմից պատվաստումների նկատմամբ ձևավորվել է որոշակի անվստահություն, որի պատասխանատուն Ա.Թորոսյանն է: Նա իր չհիմնավորված քայլերով, ագրեսիվ քարոզչությամբ, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, չմտածված քաղաքականությամբ հսկայական վնաս է հասցրել պատվաստման գաղափարին»: Այս մասին նշված է Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնության հայտարարության մեջ:

«Քովիդ-19-ի դեմ պայքարը ինքնագովազդելու և սեփական ձախողումներից խույս տալու մասին

Մարտի 11-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա․Ավանեսյանը հայտարարեց, որ կառավարությունը, մասնավորապես, առողջապահության նախարարությունը արել է ժամանակին համահունչ բոլոր քայլերը, որպեսզի զսպի հիվանդացության տարածումը (https://youtu.be/cso_MwnX6Js?t=257)։

Այլ անհեթեթ մտքեր նա հնչեցնում է նույն օրը մեկ ուրիշ հարցազրույցի ընթացքում. – «Մենք բավականին լավ հանրային պահվածք ունեցանք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համատարած մեծամասնությունը կրում էր դիմակներ։ Նոր տարվա գնումների հետ կապված շատ ավելի խիստ հետևում էին կանոններին և կրում էին դիմակները, մենք կարողացանք խուսափել աճից»։ Այնուհետև, անգամ բժշկական կրթություն չունեցող Ա․Ավանեսյանը, մտնելով բուժաշխատողի կերպարի մեջ, փորձում է հիվանդությանն առնչվող նեղ մասնագիտական մտքեր հնչեցնել։

Առողջապահության ոլորտի ներկայիս պատասխանատուին կրկին հիշեցնում ենք`

Համաճարակին հակազդման նախապատրաստական փուլը ձախողվել է, իրական վտանգները չեն գնահատվել:

Համաճարակի սկզբից ԱՆ-ի և անձամբ նախարարի հայտարարությունները, կանխատեսումները, հիմնավորումները եղել են մերկախոս, հակասական, չեն կատարվել և ներկայացվել որևէ հետազոտություններ, գիտական կամ տրամաբանական հիմնավորումներ (https://youtu.be/MrSQlDfdhZs?t=1370)։ Կարանտինի երկարացման առաջարկը այս շարքից է։

Կանխարգելման տակ առողջապահության նախարարը հասկանում է միայն պատվաստումը կամ դիմակ կրելը, որն իհարկե այդպես չէ, իսկ համաճարակի տարածման գլխավոր մեղավոր է նշանակվել ՀՀ քաղաքացին:

Անհրաժեշտ էր հետազոտել և վերաhսկել կոնտակտավորներին, կտրել վարակի փոխանցման համաճարակաբանական շղթաները: Դա կանխարգելման հիմնական հատվածն է, որն առողջապահության նախարարության ուղիղ պատասխանատվության տակ է, որը լիովին ձախողվել է:

Կանխարգելումը միջոցառումների համալիր է, որտեղ դիմակը բաղադրիչներից ընդամենը մեկն է և ոչ առաջինը:

Դիմակն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ:

Միանշանակ, բացօթյա պայմաններում, երբ կա թարմ օդի մշտական հոսք, բավարար տարածություն մարդկանց միջև, դիմակ կրելը որևէ ձևով չի անդրադառնում համաճարակային պրոցեսի ընթացքի վրա և այն կրելու անհրաժեշտություն չկա։

Սակայն, հսկայական վարչական ռեսուրսն ուղղվել էր բացօթյա տարածքներում դիմակի կրման հսկողությանը, այն դեպքում երբ վարակումը հիմնականում տեղի է ունենում փակ տարածքներում՝ աշխատավայրերում, տներում, բուժհիմնարկներում, մարդկանց քիչ թե շատ տևական շփման ընթացքում:

Մենք արագ տեմպերով առանց պատվաստման էլ ձեռք ենք բերում խմբային կամ կոլեկտիվ իմունիտետ:

Պատվաստանյութերը կարևոր գործիք են հիվանդությունների դեմ պայքարում, բայց անհրաժեշտ է ապահովել դրանց բացարձակ անվտանգությունը և կարճաժամկետ և երկարաժամկետ ապագայում:

Վերջին տարիներին հանրության կողմից պատվաստումների նկատմամբ ձևավորվել է որոշակի անվստահություն, որի պատասխանատուն Ա.Թորոսյանն է: Նա իր չհիմնավորված քայլերով, ագրեսիվ քարոզչությամբ, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, չմտածված քաղաքականությամբ հսկայական վնաս է հասցրել պատվաստման գաղափարին:

Համաճարակի դեմ պայքարում առողջապահական համակարգը հիմնականում զբաղվել է հիվանդաբուժությամբ, որի ողջ ծանրությունն ընկել է բժիշկների ուսերին, բժշկական ռեսուրսն անխնա մսխվել է:

Տարբեր պատճառներով հիվանդները չեն հոսպիտալացվել և առանց բուժօգնության տներում մահացել են:

Աշխատանքի ճիշտ կազմակերպման պայմաններում մենք այդքան հիվանդներ և այդքան կորուստներ չէինք ունենա:

Կանխատեսումների և ռազմավարական պլանավորման համար չի իրականացվել բնակչության շրջանում որևէ հետազոտություն, որով կարելի է հիմնավորել կարանտինի կամ այլ սահմանափակումների կիրառումը:

Ունենք համաճարակաբանական պրոցեսի սխալ ընկալում կամ միտումնավոր համաճարակի դեմ ողջ պայքարը հանգեցվում է դիմակի կրելուն:

Նախարարությունը չի կարողանում կոնսոլիդացնել բժշկական հանրույթը, չի կարողանում աշխատել մասնագետների հետ, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ իրենց պրոյեկտներին, որոնք վնասակար բաղադրիչներ են պարունակում մեր առողջապահական համակարգի համար: Նախարարության վերնախավն առաջնորդվում է անձնական դրդապատճառներով, այլ ոչ թե հանրային շահով:

Համաճարակի սկզբից անտեսվում են երկրում մասնագիտական կարծիքն ու կատարված վերլուծությունները:

Ցավալի է, որ մասնագետները չկարողացան առավել արդյունավետ կերպով օգտակար լինել իրենց հայրենիքին առողջապահության նախարարության ռեպրեսիվ գործողությունների արդյունքում:

Սեփական տեսակետի արտահայտման համար ԱՆ-ն աշխատանքից ազատեց բժիշկ-համաճարակաբանների, վիճակագիրների, լաբորանտների, ինֆեկցիոնիստների, ընտանեկան բժիշկների, շարունակեց նրանց նկատմամբ հալածանքները, հետապնդելով նրանց ու ներքին խողովակներով թույլ չտալով հմուտ ու փորձառու բժիշկներին խիստ պահանջարկի պայմաններում անցնելու պետական ծառայության անգամ համավարակի և պատերազմի ժամանակ: Նրանց մի մասն առ այսօր գործազուրկ է ու շարունակում է հալածվել:

Նշված մասնագետները կարող էին վերլուծել համաճարակային գործընթացները, կանխատեսել զարգացման միտումները, վերծանել վիրուսի գենոմը, որոշել վիրուսի Հայաստան ներթափանցման ուղիները, իսկ ներկայում կատարել զոհվածների նույնականացման լաբորատոր աշխատանքներ:

Ի վերջո, առողջապահությունը դա բիզնես չէ: Նախարարությունը չպետք է ղեկավարի այնպիսի մարդ, որը երբևէ բժիշկ չի աշխատել, պացիենտի կյանքի համար պայքար չի տարել, ունակ չի եղել համախմբել բժշկական հանրույթը:

Հորդորներ ԱՆ պաշտոնյաներին.

Դադարեցրեք հանրությանը մոլորության մեջ գցելու ձեր փորձերը, թե ՀՀ քաղաքացին է կրում կորոնավիրուսով վարակման ողջ պատասխանատվությունը:

Ճիգեր գործադրեք դուրս գալու վիրտուալ իրականությունից, դադարացնելու սոցիալական ցանցերում բուժաշխատողների գրառումների շուրջօրյա վերահսկողությունը, զբաղվեք գործով՝ արդարացնելու այն պարգևավճարները, որոնք ստացել եք մեր՝ հարկատուների հաշվին, համաճարակի դեմ պայքարը ձախողելու համար», ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր