Մասունքները չեմ վերցնելու, հուղարկավորություն չեմ անելու, մինչև փորձաքննության համար արտասահման չուղարկեմ, ինձ չեն լռեցնելու․ անհետ կորած զինծառայողի մայր
Մասունքները չեմ վերցնելու, հուղարկովարություն չեմ անելու այնքան ժամանակ, մինչև արտասահման փորձաքննության չուղարկեմ, ինձ լռեցնելու համար ասում են՝ որդուս մասունքները գտել են։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ Ընդգծելով, որ զորմասի 41 անհետացած զինծառայողներից միայն մեկի պարագայում է, որ ԴՆԹ-ի համընկնումից հետո ծնողը, որ հանկարծակի է եկել, վշտի մեջ արել է հուղարկավորությունը, բայց մնացածն անգամ մասունքները չեն վերցրել: «Մենք ամբողջական երեխեք ենք տվել, թող տան։ Ավտոմատի կռիվ է եղել, տեխնիկա չի աշխատել, նռնակներ չեն ունեցել, հակառակորդի հետ կռիվ են տվել։ Մարմիները պետք է ամբողջական լինեին, բայց չգիտես ինչու՝ ոտքի թաթ է, ձեռքից հատված։ Զանգելանի հատվածում միայն իմ պարգայում չի եղել ԴՆԹ-ի համընկնում, բայց ոչ մեկի դեպքում էլ չի եղել երկուսից ավելի մասունք։ Մենք բոլոր հիմքերը ունենք, որ վստահ լինենք, որ մեր երեխաների մասունքները չեն։ Իշխանությունները ունեն պատրաստի՝ զոհերի, մասունքների թիվ, ով միամիտ է, կտանի»,-ասաց նա։
Անահիտ Ադոյանը ասաց, որ կան դեպքեր, երբ պարզվում է, որ ԴՆԹ-ի նույնականացումը սխալ է եղել։
«Մեր խմբի կորած տղաներից մեկը ծնողներ չունի, երկու եղբայր ունի։ Երկու եղբայրը անհետ կորած եղբոր համար ԴՆԹ են հանձնել մի եղբոր պարագայում նույնականացվել է Զանգելանի բերված մասունքի հետ, մյուս եղբոր պարգայում էլ համընկնում է եղել Ջաբրայլիլից բերված մասունքի հետ, արդյունքում ստացվում է մեկ ոտքը Ջաբրաիլից են գտել, մյուսը Զանգելանից։ Այդպես էլ ԴՆԹ -են անում»։
Անհետ կորած զինծառայողի մայրն ասաց, որ այսօր իշխանությունները անհետ կորած, զոհված զինծառայողների հարցերն անլուծելի թողնելով՝ զբաղված են այլ կեղծ օրակարգերով։
«Թող մեր համբերությունը չչարաշահեն, եթե պարզվեց, որ սխալ ԴՆԹ են արել, ծնողներով ամբողջ Եռաբլուրն էլ ենք խառնելու իրար, այնքան փաստեր ունենք այս իշխանությունների դեմ»,-ասաց նա։