211652_close_icon
views-count1522 դիտում article-date 08:56 11-03-2021

ԱԺ պարիսպի տակ, որտեղ քարին կիսանստելու հնարավորություն կար, շարված էին ոստիկանները. Արմեն Աշոտյան

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հերթական անգամ քայլում էի մարդկանց հոծ շարքերով։

Բարեւելով, շփվելով, գոտեպնդելով մեր հայրենակիցներին ու ականջի ծայրով լսելով հարթակից հնչող ելույթները։

-Աշոտ Աշոտյա՞ն,- լսեցի մեջքիս հետեւում եւ շրջվեցի։

Դիմացս մի տարեց կին էր՝ կիսամաշ ցելոֆանի տոպռակով եւ նույնանման դիմակով։

-Աշոտյան Արմենն եմ։ Լսում եմ, մայրիկ,- պատրաստվելով մի սովորական դարձած զրույցի պատասխանեցի ես։

«Խի սե՞նց եղավ, տղես» հռետորական հարցին պատասխանել չհասցրեցի։

-Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ։ Էլ ո՞ւմ դիմեմ...- արտաշնչեց տիկինը, ով դողդողացող ձեռքերով գունաթափ ցելոֆանի մեջից ջանում էր հանել որդու նկարը։

Այն, սուր անկյուններով մխրճվելով տոպռակի մեջ, կարծես չէր ուզում խախտել ծրարի մեջ գտած սեփական անդորրը եւ հրաժարվում էր արեւ տեսնել։

Օգնեցի եւ ծանոթացա մեր անհետ կորած տղերքից մեկի հետ։

Արդեն խոստովանել եմ, որ շատ զգացմունքային եմ դարձել պատերազմից հետո եւ այս անգամ եւս հազիվ զսպեցի աչքերիս դավադիր խոնավությունը։

-Պեգովն էր նկարել տղայիս...Հադրութում... Նկարը վիդեոից հանեցին տվեցին ինձ...- կնոջ շշնջացող ձայնից հասկացա, որ թուլացել է։

ԱԺ պարիսպի տակ, որտեղ քարին կիսանստելու հնարավորություն կար, շարված էին ոստիկանները։

-Տղերք, տեղ տվեք, կինը նստի հանգստանա, - ասացի՝ նայելով երկրում ստեղծված իրավիճակից ակնհայտորեն զզված ոստիկաններին։

Ծայրից կանգնած մի թիկնեղ ոստիկան քաշվեց ձախ՝ մերկացնելով ԱԺ անշունչ պատի սառը քարը, որին նստացրեցի տիկնոջը։

Նկատեցի, թե ինչպես կնոջը տեղ զիջած ոստիկանի մի քայլ առաջ կանգնած վերադասը, դիմակի տակից մրմրթալով եւ աչքերից ժայթքող կայծերով նախատում էր տարրական շնորհք ցուցաբերած իր ենթակային, որն, ի պատիվ իրեն, անհողդողդ մնաց։

-Ես ուժեղ եմ, տղես,- ասաց կինը ու արդեն քարին կիսահենված շարունակեց, - պատկերացնու՞մ ես։

Մարշրուտկի մեջ ասեցի, որ այստեղ եմ գալիս, որ որդիս կորած է ու նստածներից մեկը...ու նստածներից մեկը... ու նա ինձ ասաց, որ ես խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը։

-Բա կողքիններից ոչ ոք դրան չսաստե՞ց, քեզ չպաշտպանե՞ց, - արյունը գլխիս խփեց։

-Չէ, բալես, մնացածը լռեցին... Հիասթափված եմ ժողովրդիցս, պարոն Աշոտյան...,- այս անգամ նրա աչքերը լցվեցին։

-Մի հիասթաթվիր, տես, թեկուզ այստեղ հազարավոր նորմալ մարդիկ կան, մայրիկ։

Ամուր գրկեցի։

Ու դառնահամ հեռացա, հասկանալով, որ մեզ սպանել են ու շարունակում են սպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։

Որդի կորցրած արցախցի այս կնոջը ծաղրողը ստահակ էր, այո։

Իսկ ինչպե՞ս կոչել այդ տեսարանի լուռ ականատեսներին...կամ վերադաս-ոստիկանին...Ու հոգիները չարքերին վաճառած, թուրքերին Երեւանում դիմավորելու պատրաստ նմանատիպ մարդկանց։

Ինչպե՞ս։

Նմանատիպ նյութեր