9099 դիտում
17:20 11-07-2017
Արցախի Քարին տակ գյուղն արդեն նոր մանկապարտեզ ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գորշ և խրոխտ ժայռի անմիջապես ներքևում Քարին տակ գյուղն է: Քարինտակցիներն ասում են` թեև իրենց գյուղը ժայռի` քարի պատվին է կոչվում, այնուամենայնիվ 25 տարի առաջ արցախյան գոյամարտի ժամանակ անգամ բարձր ժայռը չէր պաշտպանում ադրբեջանական զորքի կրակոցներից:
Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները իսպառ կմոռանան Խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:
Մանկապարտեզը հանդիսությամբ բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:
Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Կատակում է` մի քիչ չհերիքեց խորհրդանշական 100-ի համար: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:
660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ:
[b]«Հայաստան» համահայկական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+