Հայ թիավարների համար դժվարին ժամանակներ են
Տարին բոլոր մարզվում են Հայաստանի թիավարները: Սա ասելով նկատի ունենք այն, որ բացօթյա ջրերը ձմռան ամիսներին սառցակալվում են և դժվարություն ստեղծում:
Երևանյան և Լիոնի այգու լճերում են հիմնականում պարապում ակադեմիական թիավարության ներկայացուցիչները: Նշած ջրատարածքներում, ինչպես նաև Հրազդան ,Սևան և Էջմիածին քաղաքների ջրուղիներում են թիավարում կանոէ և բայդարկա մարզաձևերն ընտրած տղաները : Նրանք գրեթե ամեն օր նաև << ցամաքային >> վարժություններ են կատարում : Չէ որ մարզաձևը պահանջում է ունենալ ընդհանուր և հատուկ ֆիզիկական բարձր պատրաստականություն: Կշռաքարերը, մարմնամարզական գործիքները և բազմաթիվ այլ վարժասարքեր պարապմունքների մշտական << օգնականներն են >>:
ՀՀ թիավարության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ադամյանը զրույցի ժամանակ ասաց, որ պարապողները հաճույքով են կատարում մարզիչների առաջադրանքները և անտրտունջ են տանում ծանրաբեռնվածությունը : Նրանք լավ գիտեն իրենց առջև դրված խնդիրների մասին, դժվարին առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ լուծում են պահանջում: Խոսքը վերաբերում է առաջիկայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Ակադեմիական թիավարների գլխավոր ստուգատեսը եվրոպական երկրների մարզիկների համար Իտալիայի Վարես քաղաքում ապրիլին կայանալիք վարկանիշային մրցաշարն է: Երկտեղանոց զույգ թիերով, թեթև քաշի տղաներով երկյակների մրցավեճի նպատակն արդեն պարզ է: Թեթև քաշայիններ ասելով պետք է հասկանալ, որ մարզիկներից յուաքանչյուրի անձնական քաշը չպիտի գերազանցի 72 կիլոգրամը:
Բայդարկա և կանոէ մրցաձևերում օլիմպիական ուղեգրերը կխաղարկվեն Հունգարիայի Տեգեց քաղաքում ՝ մայիսին: Այստեղ նույնպես մերոնք մրցելույթ կունենան երկտեղանոց նավակներով, ասել է թէ՝ յուրաքանչյուր մրցաձևում մեր երկրից կգործուղվի երկուական մարզիկ:
Վերջում նշենք , որ մեզանում աշխատող ընդհանուր թվով 30 մարզիչներ վարպետության դասեր են տալիս 48 խմբերում ընդգրկված սաներին: Նրանց բոլորի համար մարզաձևի կենտրոն է հանդիսանում Երևանյան լիճը: Այստեղ են հատկապես ձմռան ամիսներին հյուրընկալվում Սևան և Հրազդան քաղաքների թիավարները, որոնց մարզավայրերը պատվում են հաստ սառցաշերտով: