211652_close_icon
views-count3749 դիտում article-date 18:36 02-03-2021

Ես չեմ զարմանա, որ ասեն՝ մարդկանց ստիպել են գոռալ՝ «Նիկոլ վարչապետ». Ալեն Սիմոնյան

News.am-ը գրում է. Մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին, այն պարգայում, երբ ընդամենը տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ եղել է այդ թիմի անդամ, ինքը բավականին տարանջատված է եղել: Երկրորդ հետաքրքիր բանը տիկին Զոհրաբյանի եւ պարոն Մելքումյանի ելույթներն էին: Տպավորություն է, որ իրենք իրար հետ չեն շփվում ընդհանրապես: Որովհետեւ տիկին Զոհրաբյանն ասում է՝ պետական ռեսուրսը մինչեւ կոշկակար,, օգտագործվել է, որ մարդ բերեն հանրահավաքի, հաջորդը ելույթ է ունենում Մելքումյանն ու ասում, որ պետական համակարգը չի գործում: Հիմա գործո՞ւմ է, թե չի գործում»,-ասաց նա:

Անդրադառնալով քննադատությանը, թե իշխանության կազմակերպած հանրահավաքում թմբուկներ են խփել, կարծես տոն էր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դրա հետ կապված խոսում էին միայն այն մարդիկ, որոնք չեն հասկանում թե ինչ է կատարվել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ գործողությունը, որը միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի: Միաժամանակ չեն խոսում այն մասին, որ մարդ են գնդակահարում, բեմադրություններ են դնում, երգուպար են կազմակերպում: Շատ երկակի ստանդարտներ են»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե մարդկանց վարչական ռեսուրս կիրառելով, ստիպելով բերել են հանրահավաքի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չեմ զարմանա, որ ասեն, հետո քայլել են մարդկանց մեջներով ու ստիպել են գոռալ՝ «Նիկոլ վարչապետ», հետո ստիպել են մարդկանց հեռախոսի լույսերը միացնել: Հետո ստիպել են գնալ տները եւ պատշգամբներից ձեռքով անել, ողջունել վարչապետի քայլերթը:

Չեն խոսում ընդդիմության երթի ժամանակ  «Ազատության» լրագրողին բռնության ենթարկելու մասին»:

Նա կոչ արեց բոլորին հետքայլ անել. «Եկեք բոլորս միասին որոշում կայացնենք, որ պատրաստ ենք հետքայլ անել հանուն ՀՀ կայունության, շահերի եւ հանուն այն ապագայի, որը կառուցելու ենք: Եկեք վերջացնենք այդ ատելության, արյուն թափելու, իրար վիրավորելու, հաճախ զուտ խոսելու համար խոսելու պրակտիկան: Պարոն Աբովյան, ինձ մոտ տպավորություն է, որ դուք խոսում եք ուղղակի խոսելու համար, հաճախ բովանդակությունը չեմ հասկանում: Հուսամ հորդորս տեղ կհասնի»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր